Կարգալույծ հոգևորականը՝ Կճոյանի՝ սիրուհի ունենալու և Բենթլիի վաճառքի մասին

«Ես չեմ ընդունում իմ կարգալուծության մասին որոշումը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Տավուշի թեմի նախկին հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը։

Ըստ նրա՝ եկեղեցին բարենորոգելու կարիք կա։ Հարցին՝ ունե՞ք փաստեր, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, նա պատասխանեց․ «Դեռ ուսանողական տարիներին նման լուրեր և շշուկներ կային, որոնք հաստատված չէին, կասկածները շատ էին»։ Հարցին՝ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ սիրուհի ունենալու մասին շշուկներ չեք լսե՞լ, կարգալույծ հռչակված հոգևորականը պատասխանեց՝ չեմ լսել։

Հարցին՝ իսկ Նավասարդ Կճոյանի՝ Բենթլիի մասին լուրը լսե՞լ եք, նա պատասխանեց․ «Գիտեմ՝ ով է  նվիրել, գիտեմ՝ վերջում այդ Բենթլին ինչպես վաճառվեց։ Նրա սանիկն էր նվիրել այդ Բենթլին»։

Լրագրողների դիտարկմանը՝ Պողոս Առաքյալն ասում է՝ յուրաքանչյուր եպիսկոպոս կարող է լինել մի կնոջ այր, այդ դեպքում ի՞նչն եք խնդիր համարում, կարգալույծ հոգևորականը պատասխանեց․ «Բացի աստվածաշնչյան ինֆորմացիայից, Հայ առաքելական եկեղեցում դարեր շարունակ գումարվել են ժողովներ։ Եթե չեմ սխալվում՝ 441 թվականի ժողովում այդ որոշումն ընդունել է, որ Կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն։ Ես կարծում եմ՝ այստեղ վերանայելու խնդիր կա։ Եթե հարց է ծագում՝ ինչո՞ւ չի պահում կուսակրոնության ուխտը, ուրեմն եկեղեցին նորից ժողով պետք է գումարի, և այդ հարցը քննության դնի։ Եթե այս պահին հայ եկեղեցու կանոններով Կաթողիկոսը պիտի լինի կուսակրոն, ուրեմն այդ օրենքը պետք է պահվի»։

Հարցին՝ ինչո՞ւ իրենց ներքին հարցերը միասին չեն լուծում, կարգալույծ հոգևորականը պատասխանեց․ «Շատ է եղել, քահանայական ժողովներ են եղել, տարբեր ձևաչափով ենք ասել, ոչինչ չի լուծվել։ Քահանաների վերապատրաստման դասերին, որ Մայր Աթոռում էի, ներկայացրի, որ ակնկալվում է որոշ հարցերով պարզաբանումներ, Կաթողիկոսը հանձնարարեց, որ դա արվի, բայց դրանից հետո էլ բան չարվեց։ Գիտեք՝ մեզ դո՞ւր է գալիս, որ մենք դժգոհում ենք մեզ հետ ծառայող ինչ-որ մեկից»։

Փաշինյանի նախաձեռնած «ուխտերթն» ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment