«Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետեւ մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս պետք է մեր որոշումներով, գործողություններով ու մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր ՀՀ-ում ստեղծված է այդ խաղաղությունը։ Մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսին՝ մեր փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետեւից եւ մենք ինքներս ստեղծում ենք խաղաղություն»,- Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի կատարած ուխտերթի ավարտին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ այսօր կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ «Այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը եկեղեցու հետեւորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենման կետ օգտագործել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ գործելու պետության դեմ։ Եվ ես՝ որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ էն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, այդ մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Մենք Հայ առաքելական եկեղեցին պետք է ազատենք հերձվածից եւ վերադարձնենք ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց․ «Այսօր մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսը ցավոք անկյուն է մղված, մեր փրկիչը մեկուսացված է։ Բայց լավ լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսն ու մեր եկեղեցին դուրս են գալիս մեկուսացումից եւ հաղթահարում են մեկուսացումը»։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բարձր ծափերով ողջունել 10 եպիսկոպոսներին, «ովքեր կանգնել են եկեղեցու բարենորոգման ճանապարհին»։ Նա ասաց, որ պետք է թիկունք կանգնել 10 եպիսկոպոսներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը նաեւ հորդորեց հասարակությանը՝ մասնակցել պատարագներին ու դրանց ժամանակ հոգեւորականներին կոչ անել, խնդրել, որ մասնակցեն եկեղեցու «բարենորոգման աշխատանքներին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: