Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է: Սուրբ Ծննդյան մասին իմանալը կարևոր է, քանի որ այն չի սահմանափակվում միայն կրոնական տոնի ընկալմամբ, այլ ունի խոր մշակութային, բարոյական և կրթադաստիարակչական նշանակություն։



Սուրբ Ծնունդը փոխանցում է համամարդկային արժեքներ՝ սեր, խաղաղություն, խոնարհություն, ներողամտություն և հոգատարություն, որոնք կրթության հիմնարար նպատակների մաս են կազմում։ Սուրբ Ծննդյան մասին իմացությունը կրթության ոլորտում նպաստում է ամբողջական անձի ձևավորմանը, որտեղ գիտելիքը, արժեքը և վարքը միավորվում են մեկ նպատակի շուրջ։

«Երիտասարդական ակումբների դաշնությունը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ և առաջին երիտասարդական կազմակերպությունը։ Սուրբ Ծննդյան տոնը երիտասարդներիս համար միայն կրոնական իրողություն չէ։ Դա ազգայինի, արժեհամակարգի, համայնքային միավորման տոն է։ Եվ սա շատ է կարևորում մեր դաշնությունը»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Ռուզան Անանյանը։
Սուրբ Ծնունդը հավատքի, հույսի, սիրո և նոր սկզբի տոն է, և երիտասարդների մասնակցությունն ու նախաձեռնությունները այդ արժեքներին նոր շունչ են հաղորդում։

«Մեր հիմնական նպատակը երիտասարդներին հնարավորություն տալն է, որ իրենք դրսևորեն առաջնորդության հատկանիշներ, սկսեն նախաձեռնություններ և կյանքի կոչեն դրանք։ Սուրբ Ծննդյան տոնը մենք համարում ենք ընտանեկան տոն, ինքնության բացահայտման տոն և տոնի խորհրդին մոտենում ենք նաև կրթական տեսանկյունից՝ տեղեկացնել երիտասարդներին, որպեսզի նրանք իսկապես և ամբողջ խորությամբ ընկալեն առաջին տաղավար տոնի՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության խորհուրդը»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Արինե Մխիթարյանը։
Երիտասարդական միությունները կարևոր դեր ունեն քաղաքացիական, հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման մեջ։ Դրանք ոչ միայն համախմբում են երիտասարդներին, այլև օգնում են բացահայտել ինքնությունը և պատասխանատվության զգացումը հասարակության հանդեպ։

«Ցանկացած ազգային տոն ժամանակի ընթացքում տրանսֆորմացիայի է ենթարկվում, և Սուրբ Ծնունդն էլ բացառություն չէ։ Իհարկե, մենք մեր դաշնության անդամներով, ինչպես նաև կամավորներով և այլ անձանց հետ մասնակցում ենք ճրագալույցի պատարագին, դա շատ կարևոր արարողություն է այս տոնի համատեքստում։ Նաև կազմակերպում ենք միջոցառումներ և փորձում ավելի իրազեկ դարձնել տոնի խորհրդի մասին, որովհետև սա ոչ միայն խնջույքների և ժամանցի իրականացման մասին է, այլ մարդու վերարժևորման, վերագտնման մասին է»,— ասում է Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Կառլոս Մարգարյանը։