Ալիևը սպասում է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները

Ադրբեջանը սպասում է, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն ամբողջությամբ կչեղարկվի և հույս ունի, որ ԱՄՆ վարչակազմը կկարողանա համոզել Կոնգրեսին այդ քայլը կատարել, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը կչեղարկի այս անարդար, հնացած լրացումը, որն այսօր թվում է լիովին աբսուրդային», — ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի վրա են նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։

Ալիևը նշել է, որ 907-րդ լրացուման պաշտոնական հիմքը կորցրել է իր արդիականությունը։ «Այսօր Հայաստան բեռներ են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Եթե շրջափակումն էր փոփոխության ընդունման պատճառը, ապա այսօր այն այլևս գոյություն չունի», — ընդգծել է նա։ Այս առումով Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կկարողանա համոզել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, մասնավորապես հանրապետականներին, որ լրացումն ամբողջությամբ չեղարկելն անհրաժեշտություն է։

1992 թվականին ընդունված 907-րդ լրացումը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող կառավարության օգնությունը։ Այն կասեցված էր երկար տարիներ, սակայն 2024 թվականին ԱՄՆ վարչակազմը վերականգնեց այդ սահմանափակումները։

Ֆլորիդայից ընտրված հանրապետական կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան դեկտեմբերի 11-ին հրապարակված նախագծով առաջարկել է վերջնականապես չեղարկել 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը։

Leave a Comment