ԵՄ առաջնորդները հունվարի 5-ին հանդիպելու են Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ քննարկելու են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ որպես անվտանգության երաշխիք դիտարկում է ֆրանսիական ու բրիտանական զորքերի տեղակայումը երկրում։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ լրագրողներին հայտնել է, որ լավատես է՝ մոտ ապագայում ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ Հակառակ լավատեսական հայտարարություններին՝ Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակում են հարվածել միմյանց։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տոնական օրերին ավելի քան 140 ուկրաինական անօդաչու սարք է ոչնչացրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հունվարի 4-ին Ռուսաստանի տասը շրջան, ներառյալ Մոսկվան, անօդաչու սարքերի հարձակման են ենթարկվել։ Որոշ օդանավակայաններ ժամանակավորապես փակվել են։
Ուկրաինան էլ հայտնում է 40 ռուսական Shahed անօդաչու սարքերի հարձակման մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում և արևելքում 39 սարք են խոցել: Նշվում է, որ հրթիռակոծվել է Խերսոնի բենզալցակայանը։
Հակառակ փոխադարձ հարձակումների մասին այս հաղորդագրություններին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հույս ունի, որ մոտ ապագայում Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Նա լրագրողներին ակնարկել է դրական առաջընթացի մասին․
«Կարծում եմ, որ առաջընթաց ենք գրանցում, բայց դա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Տեսե՞լ եք հրապարակված թվերը, այս ամիս 30 հզր զինվոր է զոհվել։ Դրանից առաջ 27 հազարն էին զոհվել, հիմնականում զինվորներ։ Մենք նրանց շատ զինամթերք ենք ուղարկում ՝ հրթիռներ և այլ զինտեխնիկա, և նրանք վճարում են դրա դիմաց։ Միացյալ Նահանգները գումար չի կորցնում, այլ դրանից գումար է վաստակում։ Սակայն դա վերջին բանն է, որի մասին մտածում եմ․ ես ուղղակի ուզում եմ կանգնեցնել այդ պատերազմը, որին 25-30 հզր մարդ է զոհ գնում։ Ուզում եմ կանգնեցնել պատերազմը, որովհետև բավական լավ եմ գործարքներ կնքում»։
ԱՄՆ նախագահն արձագանքել է լրագրողների նաև այն դիտարկմանը, որ Ուկրաինան հարձակվել ՌԴ նախագահ Պուտինի նստավայրի վրա։
Թրամփը պարզաբանել է, որ չունի որևէ վկայություն, որ Ուկրաինան հարձակվել է Կրեմլի ղեկավարի՝ Նովգորոդի մարզի նստավայրի վրա։
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել»։
Թրամփն ասել է, որ ստուգել են փաստերը, որոնց հիման վրա էլ ինքը նման եզրակացության է հանգել։
ԱՄՆ նախագահը խոսում է դրական առաջընթացի ակնկալիքի մասին, իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շեշտում է անվտանգության երաշխիքների հարցը։ Որպես անվտանգության երաշխիք նա նշում է իր երկրում ֆրանսիական ու բրիտանական զորքերի տեղակայման անհրաժեշտությունը։ Նա նաև պնդում է, որ նրանց ներկայությունն ամրագրվի Մոսկվայի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում։
Սակայն Մոսկվան բազմիցս շեշտել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները զորք տեղակայեն Ռուսաստանի սահմանների մոտ, դա կդիտարկվի հավանական վտանգ Ռուսաստանի համար։