2026 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական հիմնական փոփոխությունները

2026 թ․ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր օրենսդրական և վարչարարական փոփոխություններ։ Դրանք վերաբերում են պարտադիր զինվորական ծառայությանը, աշխատանքային հարաբերություններին, ճանապարհային երթևեկությանը, հասարակական տրանսպորտին և կատարողական վարույթին։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնելու կառավարման արդյունավետությունը, ապահովելու թափանցիկություն, պարզեցնելու բազմաթիվ գործընթացներ և ներդնելու ժամանակակից, թվային լուծումներ

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը հունվարի 1–ից փոխարինվեց 18-ամսով։ Այդ փոփոխությունը կտարածվի 2026 թ․ հունվարի 1-ից հետո զորակոչվող քաղաքացիների վրա:

2025–ի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թ․ հունվարի 7-ից։ Դա նշանակում է, որ 18-ամիս են ծառայելու նաև այդ ժամանակ զորակոչված քաղաքացիները:

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թ․ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Օրենսդրական փոփոխության մանրամասները ԱԺ–ում ներկայացրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրում և այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թթ. ծրագրով»։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխատանքային պայմանագրերին։ Այսուհետև դրանք կկնքվեն էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային ստորագրությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասաց, որ դա մի քանի խնդիր է լուծում թե՛ աշխատողների, թե՛ գործատուների, թե՛ պետության համար։

«Գործատուները այսուհետև անձին աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային պայմանագիրը պետք է ձևավորեն հենց նոր էլեկտրոնային հարթակում։ Այն պարտադիր կերպով փոխանցվելու է աշխատողին, որպեսզի ծանոթանա ու թվային ստորագրությամբ հաստատի։ Այսինքն՝ սա հնարավորություն է, որ աշխատողն իր պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունները ծագելու մեկնարկից։ Սա նշանակում է, որ չի կարող լինել իրավիճակ, որ աշխատողն այդպես էլ պայմանագիրը չունենա, որովհետև այս նոր տարբերակով պայմանագիրը դառնում է պարտադիր և հասանելի՝ աշխատողի համար»։

Նոր էլեկտրոնային հարթակում լինելու է աշխատանքային օրինակելի պայմանագրի տարբերակ, որտեղ առանձնացվելու են պարտադիր դաշտեր։ Գործատուին մնում է դրանցում ավելացնել հիմնական տեղեկությունները աշխատանքի ընդունվող քաղաքացու մասին։

Այս փոփոխությունը կարևոր է նաև պետության համար, քանի որ աշխատողի և գործատուի հարաբերությունները դառնում են թափանցիկ, ասում է Ժորա Սարգսյանը։ Բոլոր գործատուներին տրվելու է մեկ տարի, որ իրենց մոտ աշխատող քաղաքացիների պայմանագրերը տեղափոխեն նոր հարթակ։ Աշխատող քաղաքացիները պետք է միայն թվային ստորագրություն ունենան։

2026 թ․ հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար չեն գործելու ժամը 8-ից 10-ը և 17-ից 20–ը տրվող երթևեկության ժամանակավոր թույլտվությունները Երևանի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է։ Ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք և նպաստել հանրային անվտանգության պահպանմանը։

2026 թ․ հունվարի 1-ից դադարեցվել է Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը։ Մետրոյով երթևեկելու համար քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են գնել մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից։

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում։

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 2024–ին ընդունված «Կատարողական վարույթի մասին» օրենքը։ Դրանով նոր կարգ է սահմանվում  դատական ակտերի և այլ գործադիր փաստաթղթերի կատարման համար։ Օրենքի նպատակն է բարեփոխել կատարողական վարույթի համակարգը, ներդնել ավելի արդյունավետ և մեղմ մեթոդներ, ինչպես նաև արագացնել պարտավորությունների կատարումը։

Օրենքը Դատական և իրավական բարեփոխումների 2022–2026 թթ․ ռազմավարության առանցքային բաղադրիչներից է։ Այն հստակորեն սահմանում է կատարողական վարույթի իրականացման ողջ գործընթացը։ Օրենքում առաջին անգամ հատուկ կերպով շեշտադրվում է, այսպես կոչված, փափուկ մեթոդների կիրառումը, որոնք պետք է խրախուսեն պարտապանների պարտավորությունների կամավոր կատարումը առանց կոշտ և հարկադրական միջոցների կիրառման։

Միաժամանակ նոր կարգավորումները միտված են բարձրացնելու կատարողական վարույթի արդյունավետությունը՝ ապահովելով գործընթացի արագացումը և պարտապանների ավելի ակտիվ մասնակցությունը պարտավորությունների կատարմանը։

Ընդհանուր առմամբ օրենքը նպատակ ունի արդիականացնելու կատարողական վարույթի համակարգը, բարձրացնելու դրա արդյունավետությունն ու կանխատեսելիությունը և ամրապնդելու վստահությունը դատական և իրավական համակարգի նկատմամբ։

Leave a Comment