Հունվարի 2-ին 59-ամյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Լենուղի գյուղի իր բնակության հասցեից գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Կարճ ժամանակ անց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մյասնիկյան գյուղում կանգնեցրել են հետախուզվող ավտոմեքենան։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը Լենուղի գյուղի 30-ամյա բնակիչ է։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։