Վստահ չեմ, որ Թիկնիզյանը կկարողանա ամրապնդվել Կրասնոդարում․ Սեննիկով — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սեննիկովը «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Կրասնոդար» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը Mozzart TV-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ռուսական ակումբը Թիկնիզյանի տրանսֆերի համար առաջարկել է 5,5 մլն եվրո, սակայն սերբական ակումբի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հրաժարվել է վաճառել հայ ֆուտբոլիստին։

«Թիկնիզյանը Ռուսաստանում իրեն լավ դրսևորեց։ Անհասկանալի է, թե նա այժմ ֆիզիկական ինչպիսի մարզավիճակում է։ Նաիրը պոտենցիալ ունի, և եթե նրան ճիշտ օգտագործեն, նա օգուտ կբերի։ «Կրասնոդարին» արագ պաշտպան է պետք, սակայն զարմանալի է, որ ակումբը միայն հիմա է ուշադրություն դարձրել Թիկնիզյանին», — ասել է Սեննիկովը։

Հարցին, թե արդյոք Նաիրը կկարողանա խաղալ «Կրասնոդարի» մեկնարկային կազմում, Սեննիկովը պատասխանել է.

«Վստահ չեմ։ Թիմում մրցակցությունը մեծ է։ Թիկնիզյանն այդքան հեշտությամբ հիմնական կազմ չի մտնի։ Օլասան լավ ֆուտբոլիստ է, իսկ Վիկտոր Սան խաղում է եզրի ավելի բարձր դիրքում։ Տիկնիզյանին կարելի է վերցնել որպես ապահովագրություն (ռոտացիայի համար)»:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment