ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում․ Bloomberg

ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո առաջատար դեր կստանձնի Վենեսուելայի կառավարման գործում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: ԱՄՆ պետքարտուղարը կուբայական ծագումով ամերիկացի է, ծնվել է Մայամիում կուբացի ներգաղթյալների ընտանիքում:

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնում Վենեսուելայի նավթարդյունաբերությանը, և որ ամերիկյան նավթային ընկերությունները «միլիարդավոր դոլարներ կծախսեն» երկրի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու համար:

Թրամփի թիմը, որի կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, այժմ աշխատում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքի վրա, The Wall Street Journal-ին ասել է անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա:

2026 թվականի հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, Delta Force-ը դուրս է բերել երկրից՝ սկզբում տեղափոխելով Գուանտանամոյի ծոցի ԱՄՆ ռազմածովային բազա, ապա՝ Նյու Յորք։

ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել Նիկոլաս Մադուրոյին «թմրամիջոցների ահաբեկչության», զենքի և Վենեսուելայի դիվանագիտական ​​անձնագրերի ապօրինի շրջանառության համար։ Հունվարի 4-ին մեղադրական եզրակացությունը հրապարակվել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում։

Leave a Comment