Փաստաբան Արա Զոհրաբյանը թույլ չի տվել կարգալույծ Արամայիս Թախմազյանին իրականացնել հակաեկեղեցական ծես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ այս մասին պաշտպանը հայտնել է Facebook-ի իր էջում՝ կցելով տեսանյութ։
Նրա խոսքով՝ Արամայիս Թախմազյանը վերջին շրջանում հաճախ է եկեղեցի այցելել և քահանայի հագուստ կրելով՝ փորձել խոչընդոտել Տեր Հայկ քահանա Սահակյանի կողմից ժամերգությունների անցկացումը։
Գրառման մեջ նաև նշված է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտարարել է, թե հունվարի 6-ին այդ եկեղեցում պատարագ է մատուցելու հենց կարգալույծ Թախմազյանը։
«Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին», – եզրափակել է փաստաբանը: