Իրանի իշխանությունները կառավարության դեմ բողոքի նոր ալիքի ֆոնին սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը:
Cloudflare տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հունվարի 3-ի տվյալների համաձայն՝ ինտերնետային թրաֆիկը ժամանակավորապես նվազել է մոտ մեկ երրորդով: Շատ իրանցիներ հայտնել են սոցիալական ցանցերում լայնածավալ խափանումների մասին:
Իրանը մասնակիորեն սահմանափակել էր ինտերնետի հասանելիությունը նաև 2009, 2019 և 2022 թվականների բողոքի ցույցերի և 2025 թվականի հունիսին Իսրայելի հարձակումների ժամանակ: Որոշ դեպքերում դրանք եղել են լիակատար անջատումներ, որոնց ընթացքում հասանելի են մնացել միայն մի քանի կայքեր, հաղորդում է dpa լրատվական գործակալությունը:
Hengaw Organization for Human Rights կազմակերպությունը հայտնել է, որ հունվարի 3-ին շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն չորս մարդ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները կրակ են բացել Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Մալեքշահի շրջանում ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվել է քրդական ծագում ունեցող առնվազն չորս իրանցի, կան տասնյակ վիրավորներ, տեղեկացրել է Hengaw-ն։
Նորվեգիայում գործող Iran Human Rights կազմակերպությունը նույնպես հայտնել է առնվազն չորս մահվան դեպքի և 30 վիրավորի մասին, որոնք «հարձակման են ենթարկվել Իրանի անվտանգության ուժերի կողմից»: Մինչդեռ, Իրանի «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մալեքշահիում «բախումների» ժամանակ զոհվել է ԻՀՊԿ մեկ մարտիկ։
Իրանում ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին: Բողոքի ակցիները փոխարժեքի կտրուկ տատանումների և մեծածախ ու մանրածախ գների վրա դրանց ազդեցության դեմ են։ Իրանում բարձր գնաճ է (Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9%-ի), և ռիալը արագորեն թուլանում է։
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հաղորդագրություններ են հայտնվել ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, որոնց ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդում է dpa-ն, բողոքի ցույցերը վերածվել են քաղաքական բողոքի ակցիաների, որոնց որոշ մասնակիցներ հանդես են եկել «Մահ բռնապետին» և «Կեցցե՛ թագավորը» կարգախոսներով:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի միջոցով զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կմիջամտի, եթե Իրանը կրակ բացի ծանր տնտեսական իրավիճակի և բարձր գնաճի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա։