Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեկտեմբերի վերջին ռեպորտաժ էին պատրաստում, որտեղ հարց էին տալիս քաղաքական գործիչներին, ակտիվ քաղաքացիներին, թե ի՞նչ կուզեին 2026 թվին Ձմեռ պապն իր հետ տաներ մեր երկրից։ Իմ պատասխանը և ամենամեծ ցանկությունն այն էր, որ առհասարակ կորչեն մեր երկրից երկակի ստանդարտները։ Հունվարի մեկից առ այսօր, իշխանական ներկայացուցիչների կողմից արված գրառումներ են հայտնվում իմ էջում, որտեղ հորդորում են խնայողաբար օգտագործել հոսանքը տոներին, հիմա նաև ցրտերին, որ վթարներ, անջատումներ չլինեն։ Մի գրառում էլ մերկասառույցների մասին էր, որտեղ հորդորում էին մեքենա վարել խիստ անհրաժեշտության դեպքում։ Ու գրառումների տակ մե շնորհակալություններ, մե գովք, մե մեծարանք առ գրողներ և գերատեսչություններ։
Ժողովո՛ւրդ, երկակի ստանդարտներն այն են, երբ նույն տեքստը 2016-2025 թ.թ. մայիս ամսին գրված լիներ ՀԷՑ-ի նախկին տնօրինության կողմից, 2016-2018 թ.թ. ճանապարհների մասին նույն տեքստը գրված լիներ քաղաքապետարանի կողմից՝ կդառնար մի մեծ «սռաչ»-ի առարկա, ներկայիս տեքստը հրապարակող պաշտոնյաները նախկինում նույն տեքստը սքրին էին անելու, տեղադրեին իրենց ՖԲ պատերին ու սկսելու էին հեգնել, ծաղրել, սարկազմով հիշեցնել, որ մենք ապրում ենք 21-րդ՝ տեխնոլոգիաների դարում, արհեստական ինտելեկտի դարում, բայց մեր պատկան մարմինները դեռ 20-րդ դարի հայտարարություններ են անում։ Այս ո՞ւր ենք հասել մենք։ Ու պատկերացնում եմ էդ հեգնական գրառումների տակ սրտիկողների ու մեկնաբանություն թողնողների հրճվալից գրածները։
Իսկ հիմա… Դե ինչպես ասել եմ հինգ տարի առաջ, դուք անցնում եք բոլոր այն «մեղքերի» միջով, ինչի համար քննադատել եք նախկիններին։
Օրինակ ես, կարող եմ մեկնաբանել նաև թե ինչու տեղի ունեցավ այս ամենը նախատոնական ու տոնական օրերին, բայց կթողնեմ մասնագետներին, նրանք ավելի հանգամանալից կբացատրեն։
Ու ամենամեծ ցինիզմն էլ այն է, որ հունվարի երկուսին ՀՀ-ում որևէ մասնաճյուղի վթար չլինելը հպարտությամբ ներկայացնում են, որպես մեծ ձեռքբերում։
Մեկ-մեկ նայեք ինքներդ ձեզ կողքից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: