Կանաչ լույս չվառել «ուժի իրավունքի» համար. Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վենեսուելական հետամանորյա աղմկարար այս գործողության առիթով արդեն պաշտոնապես իրենց դիրքորոշումներն են հայտնել եւ ամերիկյան, եւ եվրասիական մայրցամաքների տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Եթե շատ կարճ դասակարգենք դրանք, մի կողմ դնելով պաշտոնական հայտարարությունների նրբերանգները, օգտագործած ձեւակերպումների ենթատեքստերն ու դրանց դրդապատճառները, ապա այս պահին այդ հայտարարությունները բաժանվում են երեք մասի.

ա/ ԱՄՆ-ի գործողության խիստ, բառացի դատապարտում (ՌԴ, Չինաստան, Բելառուս, լատինաամերիկյան երկրներ, Իրան), անհանգստության արտահայտում այն առիթով, որ ԱՄՆ նման գործողությունը, որպես ՄԱԿ ԱԽ անդամ երկրի պայթեցնում է միջազգային իրավունքն ու երկրների սուվերենության հարգման սկզբունքը, կամ էլ՝ քողարկված քննադատություն ու անհամաձայնություն, քանի որ չնայած Վենեսուելայի իշխանությունը լեգիտիմ չեն համարում, միեւնույն է պետք է հարգել միջազգային իրավունքն ու կանաչ լույս չվառել «ուժի իրավունքի» համար (ՄԱԿ, ԵՄ, Եվրախորհրդարան, Ֆրանսիա, Չեխիա, Սլովենիա, Իսպանիա եւ այլն),

բ/ ԱՄՆ գործողությունների կամ բացահայտ սատարում՝ (Կոսովո, Իսրայել), կամ՝ քողարկված սատարում, չդատապարտում (Թուրքիա, Ուկրաինա)։

Հետաքրքիր է Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որով նա ամերիկյան այդ գործողության «արդարացումը» պայմանավորում է երկու հանգամանքով, որ Մադուրոն ոչ լեգիտիմ ղեկավար է եղել, եւ որ Վենեսուելայի ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ եւ արժանավայել։ Իսկ թե ինչ է, ըստ էության, այդ գործողությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, այդ մասին ոչ մի խոսք։

գ/ Կան նաեւ հայտարարություններ այն մասին, որ կհայտնեն իրենց դիրքորոշումն իրադարձություններին ու հանգամանքներին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի հայտարարությունն այդ մասին է եղել, նաեւ՝ որ իրենք այդ գործողությանը չեն մասնակցել։ Առանց գնահատականների հանգամանքներին ավելի մանրամասն ծանոթանալու անհրաժեշտության մասին է ասվել նաեւ Գերմանիայի հայտարարությամբ։

***ՀԿ երեք երկրների դիրքորոշում չի հայտնվել։ Բայց հայկական, ադրբեջանական ու վրացական սոցցանցային հատվածներում քննարկումներն ակտիվ են ։ Ըստ էության՝ դրանք բաժանվում են ըստ արտաքին քաղաքական նախապատվությունների ու սեփական իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշման։ Չեմ զարմանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment