2025 թվականը հայկական սպորտի համար հագեցած տարի էր։ Հայ մարզիկները հիանալի ելույթներ են ունեցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև բազմաթիվ միջազգային մրցաշարերում՝ բարձրացնելով հայկական դրոշը։
Armenia Today-ը կազմել է հայկական սպորտի 20 լավագույն իրադարձությունների և նվաճումների ցանկը՝ շախմատից և մարմնամարզությունից մինչև ֆուտբոլ և մարտարվեստ։
1. Սուսաննա Գաբոյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել են շախմատի Հայաստանի չեմպիոններ

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել են Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Նրանք բարձր արդյունքների են հասել հունվարի 14-ին մեկնարկած Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ շախմատի առաջնություններում։
2. Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը դարձել են դահուկավազքի Հայաստանի բացարձակ չեմպիոններ

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը դարձել են դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ։ Առաջնության առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 6-9-ը՝ Շիրակի մարզի Աշոցքում։ Դահուկավազքի մրցաշարի երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի վերջին։ Խաղարկված 18 մեդալից 14-ը (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) նվաճել էին Աշոցքի ներկայացուցիչները։
3. Յուրի Սաքունցը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով աշխարհի չեմպիոն

Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել էր չեխ բազմակի չեմպիոն Միրոսլավ Շչերբանին՝ նվաճելով Global Boxing Council-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Գոտեմարտը լարված էր, սակայն մրցավարը դադարեցրել էր այն չորրորդ ռաունդում՝ համարելով տեխնիկական նոկաուտ։ Սաքունցը հաղթանակը նվիրել էր հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի զինվորներին։
4. Նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը
ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը
Ամստերդամի «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նշանակվել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին անդամ Արոն Վինտերը նշանակվել էր 61-ամյա հոլանդացու օգնական։ Սխիպն իր պարտականություններն ստանձնել էր 2025 թվականի մարտի 1-ից։ Հետագայում մարզիչը հեռացվել էր։
5. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել Գերմանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել Գերմանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Մարմնամարզության ֆեդերացիայի տվյալներով՝ Դավթյանը 14.900 միավորով զբաղեցրել էր առաջին տեղը հենացատկում: Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:
6. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաղթել էր Ղազախստանի հավաքականին և առաջին անգամ դուրս եկել «Եվրո 2026-ի» եզրափակիչ փուլ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճել է «Եվրո 2026-ի» ֆուտզալի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Որակավորման փուլի վերջին փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 4։2 հաշվով հաղթել էր Ղազախստանին։
7. Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակում՝ անկախ քաշային կարգից

Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն (22-3) ընդգրկվել է UFC-ի (Ultimate Fighting Championship) լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգերից (P4P), տեղեկանում ենք UFC-ի՝ խառը մենամարտեր անցկացնող միջազգային մարզական կազմակերպության կայքից։ Ծառուկյանը 15-րդ հորիզոնականում է։
8. Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ

Հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Եվրոպայի 2024 թվականի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, հայտարարել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Որոշումը կայացրել է Ըմբշամարտի միջազգային միացյալ ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բալասանյանը նախորդ տարի ճանաչվել էր այս մարզաձևի Եվրոպայի լավագույն մարզիչ։
9. Եղիշե Մելիքյանը փոխարինել է Ջոն վան’ տ Սխիպին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում

«Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ջոն վան’ տ Սխիպ։ Նա նախկինում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում, իսկ վերջին տարիներին նրա մարզած թիմը երկու անգամ դարձել է չեմպիոն։ Մելիքյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի նոյեմբեր։
10. Հայ մարզիկ Մարիամ Սարգսյանն արժանացել է բազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը

Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Մարիամ Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտարարել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Սարգսյանը հաղթել է թուրք մարզիկի։ Մարզուհին նախկինում հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում իր ոսկե մեդալը կամ «այլ գույնի մեդալը» կնվիրի Արցախյան պատերազմի հերոս Մխիթար Գալեյանին։
11. Հայ ըմբիշը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Հայ ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլում մրցել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիի հետ և հաղթել գոտեմարտը 1:1 հաշվով: Քուրդյանը դուրս էր եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
12. Էդուարդ Սպերցյանը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը։
13. Հայաստանի ազգային հավաքականը որակավորման փուլի վերջին խաղում պարտվել էր Պորտուգալիային 1:9 հաշվով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում արտագնա խաղում պարտվել էր Պորտուգալիային 9։1 հաշվով։ Այս հաղթանակից հետո Պորտուգալիան որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնության համար, որը կկայանա Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում: Թիմը F խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ 13 միավորով: Հայաստանի ընտրանին զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 3 միավորով:
14. Դոհայում կայացած UFC Fight Night 265-ում Արման Ծառուկյանը հաղթել էր Դեն Հուքերին

Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը վաղաժամ հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ։ Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր մրցակցին և հնարավորություն ստացել պայքարելու թեթև քաշային կարգի տիտղոսի համար։
15. Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 100 տարեկան հասակում

100 տարեկանում մահացել էր Օլիմպիական չեմպիոն, խորհրդային ֆուտբոլիստ, «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ Նա 1973-1974 թվականներին գլխավորել էր Երևանի «Արարատը», դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: «Արարատում» աշխատել էր նաև 1984-1985թթ.: Մոսկովյան «Սպարտակի» կազմում որպես ֆուտբոլիստ դարձել էր ԽՍՀՄ քառակի չեմպիոն, իսկ գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն էր հայտնել Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
16. Հայ մարզիկները 12 մեդալ են նվաճել կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում

Լեհաստանում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ։ Ոսկե մեդալ են նվաճել մարզիկներ Հովհաննես Սարգսյանը և Էդուարդ Ղահրամանյանը։ Արծաթե մեդալի են արժանացել Հայկ Միսակյանը, Էրիկ Կոստանդյանը, Էլեն Եփրեմյանը և Արկադի Կիրակոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել Բորիս Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Արթուր Մելքոնյանը, Հուսիկ Հեբոյանը, Հակոբ Բաղդասարյանը, Ալեն Եգորյանը։
17. Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։
18. Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարում

Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարում: Եզրափակիչ օրը մասնակիցները հանդես են եկել անհատական առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Կարապետյանը հավաքած 569 միավորով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել 242,3 միավորով:
19. Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը գլխավորել են Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկը

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը գլխավորել են Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկը: Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ երրորդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ չորրորդը: Կանանց լավագույն տասնյակում Լիլիթ Մկրտչյանը երկրորդ տեղում է, Մարիամ Մկրտչյանը՝ երրորդում, իսկ Լիլիթ Գալոյանը՝ չորրորդում:
20. Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ նվաճել է բրոնզե մեդալ, ինչը պատմական արդյունք է հայկական բռնցքամարտի համար։ Մեդալներ են նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
