Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին:
Տոնի նախապատրաստությունները սկսվում են դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` ընդգրկելով Նոր Տարվա տոնը:
Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Ճրագալույցի խորհուրդը
Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել:
Ըստ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվում է Ս.Պատարագ:
Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության նախատոնակներին:
Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը: