Եվրոպական ֆուտբոլում տրանսֆերային եռուզեռ է․ միանգամից մի քանի խոշոր ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Տոտենհեմն» ու «Ֆիորենտինան», պաշտոնական հայտարարություններ են տարածել առանցքային տեղափոխությունների մասին։
«Տոտենհեմի» կադրային զտումը. հեռացել են Ջոնսոնն ու Սոլոմոնը
Լոնդոնյան «Տոտենհեմը» լուրջ փոփոխությունների է գնում կազմում։ Թիմի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնը տեղափոխվել է մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ «Քրիսթալ Փելաս»։ 24-ամյա ուելսցին նոր թիմի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ Ըստ «Քրիսթալ Փելասի» մամուլի ծառայության՝ գործարքի արժեքը ռեկորդային է եղել ակումբի պատմության մեջ։ Հիշեցնենք, որ Ջոնսոնը «խթանների» կազմում անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
«Տոտենհեմից» հեռացել է նաև իսրայելցի վինգեր Մանոր Սոլոմոնը։ 26-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»։ Սա Սոլոմոնի արդեն երրորդ վարձակալությունն է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց ի վեր։ Մրցաշրջանի առաջին հատվածը նա անցկացրել էր «Վիլյառեալում»։
Բացի այդ, «Տոտենհեմի» նախկին դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը, ով 2025-ի ամռանը լքել էր թիմը, նոր հանգրվան է գտել։ 37-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել «Բորնմութի» հետ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
«Միլանի» գերմանական ուժն ու «Սելթիկի» նոր պաշտպանը
Իտալական «Միլանը» լրջորեն ուժեղացրել է հարձակման գիծը՝ վարձակալելով «Վեսթ Հեմի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգին։ Գործարքը ներառում է նաև տրանսֆերի գնման իրավունք։ 32-ամյա հարձակվողը, ով նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր հասել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, կփորձի օգնել «ռոսոներիներին» Սերիա A-ի չեմպիոնական պայքարում, որտեղ միլանյան ակումբն ընթանում է երկրորդ հորիզոնականում։
Շոտլանդական «Սելթիկն» էլ պաշտպանությունն ամրապնդել է «Բորնմութի» ֆուտբոլիստ Խուլիան Արաուխոյով։ 24-ամյա մեքսիկացին Գլազգոյում վարձավճարով հանդես կգա մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Արաուխոն «Բորնմութ» էր տեղափոխվել «Բարսելոնայից» 2024 թվականի ամռանը։