
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել իրանցի ցուցարարներին, եթե Իրանի իշխանությունները նրանց նկատմամբ բռնություն կիրառեն, Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «պատրաստ է գործողությունների» խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու դեպքում։
Թրամփի հայտարարությանն արձագանքել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կհանգեցնի ամբողջ Մերձավոր Արևելքի ապակայունացմանը և կվնասի Վաշինգտոնի շահերը։
Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը բացահայտում է Իրանում ներքին լարվածություն հրահրելու փորձերը։
Մինչ այդ, Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 29-ից սկսվել են բողոքի ակցիաներ՝ իրանական ռիալի արժեզրկման դեմ։ Ցուցարարներին միացել են նաև ուսանողներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության ցուցարարների հետ և հանձնարարել է ներքին գործերի նախարարությանը քայլեր ձեռնարկել՝ բողոքները մեղմելու և ֆինանսական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։