Անհավանականի և իրականի սահմանին․ 2025-ի քաղաքական անցուդարձը

2025 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ էր տարբեր պատճառներով։ Տարվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցից շատերը նախորդ տարի անիրական կամ անպատկերացնելի էին թվում։

Տարեվերջյան թողարկմանը «Ռադիոլուր»-ը փորձել է ի մի բերել 2025-ի գլխավոր քաղաքական զարգացումները։ Դրանց ժամանակին անդրադարձել ենք մանրամասն ու հանգամանորեն։ 2025-ի ընտրանիում, սակայն, զարգացումները  դիտարկել ենք փոքր–ինչ հումորային հայացքով, որի կարիքը քաղաքական դաշտում միշտ կա, բայց որի համար ժամանակ ամենօրյա «ծանր» թեմաները չեն թողնում։

Ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի անհավանական թվացող իրադարձություն էր նախատեսել 2025-ը Հայաստանի համար։ Առաջինի և ամենակարևորի մասին, որը հանրությունը տասնամյակներ շարունակ ցանկանում էր լսել, վարչապետ Փաշինյանը բարձրաձայնեց 2025-ի օգոստոսին։   

«Խաղաղությունը հաստատված է և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին»։

Ներհայաստանյան կյանքում, պարզվեց, խաղաղության մասին պատկերացումները տրամագծորեն տարբեր են։ Իշխանությունն այն համարեց իր ամենամեծ ձեռքբերումը, ընդդիմությունը կասկածի տակ դրեց դրա բովանդակությունն ու այն ճանապարհը, որով խաղաղությունն իրողություն դարձավ։ Նույն  ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի  նախաստորագրումը «Նոբելյան մրցանակ» ստանալու ակնկալիք  ձևավորեց։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ճիշտ է, մրցանակը չհասավ, բայց խաղաղության պայմանագրի նախաստորագրված դրույթները՝ իրական և շոշափելի փաստաթղթի տեսքով, արդեն կողմերի ձեռքին են։

Լուրջ ու կարևոր գործընթացն առանց զավեշտալի դրվագների չանցավ։ Ինչպես ասում են, ոչ միայն խաղաղության, այլև դրան ուղեկցող տրամադրության «հովանավորը» նախագահ Թրամփն էր։ Նա կամ շփոթում էր իր իսկ ջանքերով ու միջնորդությամբ հաստատված խաղաղության աշխարհագրությունը՝ Կամբոջա և Հայաստան։

Կամ էլ գլխավոր դերակատարների անունները՝ օգտագործելով «իմ լավ ընկեր», «մյուս տղա», «հզոր տղա» ձևակերպումները։

2025-ի սկզբին շատերը չէին պատկերացնի, որ 2025-ի ավարտին արդեն խաղաղության օրակարգն աստիճանաբար կբացի նաև ճանապարհները։

Տարվա ավարտին մի քանի գնացք Հայաստան մտավ Ադրբեջանի տարածքով։ Ընդհանուր առմամբ մոտ 8 տասնյակ վագոն, որոնք Ռուսաստանից և Ղազախստանից բերեցին ցորեն, իսկ Ադրբեջանից՝ նավթամթերք։  

Ադրբեջանից ոչ միայն գնացքներ եկան Հայաստան, այլև՝ պատվիրակություններ։ Այցերը փոխադարձ էին․ տարվա ընթացքում ադրբեջանցի փորձագետները Երևան, իսկ հայ փորձագետները Բաքու այցելեցին։ Մինչև դրանք իրողություն կդառնային, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանրությանն արդեն հորդորել էր պատրաստվել փոխադարձ շփումներին։

«Պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ, ադրբեջանական պատվիրակություններ այցելելու են Հայաստան, Հայաստանի պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն։

Տարվա ծանրակշիռ իրադարձություններից մեկն էլ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական նոր  օրակարգի հաստատումն էր։

Մինչև Բրյուսելում  ռազմավարական նոր  փաստաթղթի ստորագրումը Հայաստանի խորհրդարանն արդեն  քննարկել ու ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։

– Ձեր ամեն խոսքից, ամեն ելույթից հետո ես սպասում եմ, որ դուք այս բաժակը վերցնելու եք և ասելու եք՝ «կեցցե՛ Եվրոպական Միությունը»։ / Ագնեսա Խամոյան /

– Մի փոքրիկ ակնարկ, նաև պետք է ճիշտ կենաց խմել իմանաք։ / Արտակ Զեյնալյան /

– Այդ կենացը խմելուց նաև կարևոր է, թե ինչ օղի ես օգտագործում, որ հաջորդ օրը գլուխդ չցավի՝ օրինակ։ Ոչ մի բանի չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա։ Ես էլ, ի դեպ, մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ։ /Դանիելյան Գառնիկ /

– ժամանակը վերջացել է, բայց շարունակեք՝ ինչ առաջարկներ կան։ Շարունակեք։ /Ալեն Սիմոնյան /

2025-ը, սակայն, խորհրդարանում աղմկոտ էր ոչ այնքան կատակների, որքան քաղաքական սուր բանավեճերի  առումով։ Դրանք  1-2 անգամ ձեռնամարտի վերածվեցին, իսկ ընդհանրապես տարվա ընթացքում պատգամավորները  վիճաբանում էին անընդհատ, մեծ ջանասիրությամբ, տարբեր առիթներով և առանց առիթի։

– Երբ իրեն դուրս շպրտեմ այնտեղից, բարձր է շատ նստած։ Ցավոտ է լինելու։ /Լևոն Քոչարյան/

– Պարոն Լևոն Քոչարյան, չափներդ ճանաչեք։ Այ տղան էլ ես դու, չափերդ ճանաչի, արա այ տղա։

13,48 — ծեծ ու ջարդ

Տարվա ընթացքում ԱԺ–ն օրենսդրական նախաձեռնություններից բացի այլ հարցեր նույնպես քննարկեց՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուց մինչև ԼՂ հարցով 3 տասնամյակ բանակցված ու հրապարակված փաստաթղթեր։ Այդպես էլ առկախված մնաց վարչապետին անվստահություն հայտնելու՝ ընդդիմադիրների ցանկություն-մտադրությունը․ բավարար ձայներ ապահովվեցին միայն հարցը օրակարգ բերելու համար, ինչի պատճառով մտադրությունը ցանկություն մնաց։  

Իսկ նիստերի դահլիճում ընթացած տարբեր քննարկումներում ընդհանուր էր մեկ բան՝  իշխանություն-ընդդիմություն բանավեճը՝  փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով, երբեմն՝ հումորային ակնարկներով։

– Մի հատ ելույթ ունեմ, երեխաների մոտ չեմ ուզում տպավորությունը փչացնեմ։ Երեխաները գնան, հույս ունենամ, որ չեն տեսնի։ / Ալեն Սիմոնյան /

– Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով։ «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ «պլեն» են ընկել այս խոսակցությանը։ / Ալեն Սիմոնյան /

– Ուրեմն, մի ՔՊ-ականի մեջ չարք ա մտնում։ Էկզորցիստները գալիս դուռը ծեծում են, ասում՝ եկել ենք ձեր միջի չարքը հանենք։ Քպ-ականն ասում է՝ ես ձեզ չեմ կանչել։ Չարքը ներսից ասում է՝ փրկեք, փրկեք, ես եմ կանչել, ինձ հանեք։ / Արթուր Խաչատրյան /

– Ումից եք եկել, ինչ եք բողոքում։ Այսինքն՝ ճիշտ եք անում։ Դու՞ք եք բողոքում։ Մենք ենք բողոքում։

– Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք ընդհանրապես այս դահլիճում նստած։ / Նիկոլ Փաշինյան /

Գործակալների թեման «կարմիր գծով» անցնում էր ողջ տարվա ընթացքում։ Այն հատկապես սրվեց իշխանություն-եկեղեցի  հարաբերությունները պարզելու ընթացքում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ հերթական անհավանական թվացող իրադարձությունը տեղի ունեցավ հենց այն համատեքստում, որը իշխանությունը բանաձևեց որպես  «եկեղեցու բարենորոգում», ընդդիմությունը՝ արշավ եկեղեցու դեմ։ Գործընթացը սկսվեց անընդունելի ձևակերպումներից, անսովոր առաջարկներից, որոնք անգամ համացանցում «մեմեր» ստեղծելու առիթ դարձան, իսկ զուգահեռ պատարագները հանգեցրին անգամ հանրային առճակատման Մայր Աթոռում։

Տեղական ինքնակառավարման մարմիններում նույնպես տարին հանգիստ չէր։ Սպանվեց Փարաքարի համայնքապետը, թույլ տված չարաշահումների պատճառով զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Էջմիածնի՝ իշխանական թևը ներկայացնող  քաղաքապետը, իսկ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը կաշառքի գործով հայտնվեց մեկուսարանում։ Անգամ դատական նիստերին Վարդան Ղուկասյանը հավատարիմ էր ոճին։       

– Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամանակով։

Քիչ է։
Օյ։
Ոչինչ։
Մեղադրյալ ոտքի կանգնեք։
Ես չեմ կարող։  

Այն, ինչ տարվա ընթացքում կատարվել է Հայաստանի քաղաքական դաշտում, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ձևակերպում է մեկ նախադասությամբ։

– Նիկոլ Փաշինյանը ինչքան կեղտ կա Հայաստանում հանել է ջրի երես է, բայց ինքը չի մաքրում այդ կեղտը, խաղում է դրա հետ։

Շատերի համար եթե ոչ անհավանական, ապա անսովոր իրադարձությունների ցանկում սոցցանցերում  Հայաստանի վարչապետի ակտիվությունն է։ Եթե նախկինում նա օտարեկրյա գործողումների ընթացքում անպայման հեծանվային զբոսանք էր անցկացնում՝ նաև տարբեր քաղաքների ենթակառուցվածներն ուսումնասիրելու նպատակով, ապա 2025-ի նորամուծությունը տարբեր միջավայրերում, երաժշտական տարբեր ձևավորումներով, բայց նույն ՝ սրտիկների ժեստով  լավ օր մաղթելն է։

Ներքաղաքական թեժ պայքարի ֆոնին իշխող քաղաքական ուժը տարեվերջին հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ կուսակցության համար սահմանելով էթիկայի կանոնագիրք և հայտարարելով, որ քաղաքական բանավեճն այսուհետև բարեվարքության սահմաններից դուրս չի գալու։ Սրան զուգահեռ  ԱԺ նախագահը նաև նախազգուշացրեց․

– Այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ, հանկարծ չսխալվեք։ Բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Հանկարծ չսխալվեք։ Մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Նախընտրական պրացես է սկսվում, հանկարծ չսխալվեք։

Նախընտրական 2026-ին իշխող ուժը կոչ է անում ընտրապայքարի մեջ մտնող մյուս ուժերին էլ որդեգրել էթիկայի կանոններ և նախընտրական շրջանում հետևել դրանց՝ 2026-ի ընտրությունները պատշաճ անցկացնելու համար։  

Leave a Comment