Ի՞նչ ուտել Ամանորին և ինչքա՞ն։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանի հետ։

– Ամանորին հնչող հարցերից մեկն է՝ ինչքա՞ն ուտել, որպեսզի չվնասեն մարսողական համակարգը և թունավորումներ չլինեն։
– Ուզում եմ միանգամից հանգստացնել շատերին և ասել, որ 2-3 օրվա մեջ գիրանալ հնարավոր չէ։ 1-2 օրվա մեջ անգամ մի քանի կիլոգրամ հավաքած քաշը ճարպ չէ։
Ուզում եմ խոսել տհաճ երևույթների մասին, որոնք կարող են լինել տարբեր բնույթի և տարբեր մթերքներից։ Կարող է ոչ այդքան թարմ կերակուր, ոչ լավ մշակված կամ ջերմամշակված մթերք լինել՝ հատկապես, եթե խոսքը վերաբերում է աղցաններին, թխվածքներին։ Հետևաբար՝ պատրաստենք ինքներս, որպեսզի տոները մնան տոն, մեզ ուրախացնեն և չբարդանան բժշկի կանչով, շտապօգնությունով և հիվանդանոցով։ Այն սպասքը, որն օգտագործում ենք տվյալ կերակուրը պատրաստելու համար՝ պետք է լավ լվացած լինի։ Ջերմամշակում չանցած միսը պահենք առանձին, ոչ թե արդեն պատրաստի մթերքների հետ։ Հում միսը պետք է մշակվի բոլորովին այլ հարթակի վրա, և նույն հարթակին չի կարելի կտրատել այլ մթերքներ, եթե անգամ այն շատ լավ լվացված է։ Հում մսի, հում ձկան հարթակը պետք է լինի առանձին։ Շատ լավ լվացվի, բայց պահվի հեռու այն հարթակներից, որի վրա արդեն կտրատվում է պատրաստի կերակուրը, հացը, երշիկեղենը, տարբեր այլ խորտիկներ։
– Ժամանակին գաթա և փախլավա են պատրաստել, այսինքն՝ կրեմային զանգված չի եղել, բայց հիմա հակառակն է։ Մարգարին պարունակող թխվածքներն օգտակա՞ր են։
– Մարգարինը թունավոր չէ, սակայն արհեստականորեն ստացված այս ճարպն օրգանիզմի համար օգտակար մթերք չէ և առհասարակ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Ուստի մթերք գնելիս պետք է ուշադիր կարդալ բաղադրությունը։
– Երբ հյուր են գնում՝ մեկ ժամում ամեն ինչ ուտում են՝ սկսած մսից, վերջացրած մրգով, ընդեղենով։ Այդ ամենը խառնելը վնաս չէ՞։
– Եթե այդ ամենը պատշաճ վիճակում է գտնվում, թարմ է, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումով է պատրաստված, ճիշտ պահպանված է, և եթե այդ ամենն ընդունող օրգանիզմը, այսինքն՝ մարդը, առողջ է, չունի աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ, կարող ենք ասել՝ նորմալ է։ Շատ մարդիկ կան, որ հենց այդպես էլ սնվում են և ոչ միայն տոնական, այլև սովորական օրերին։
Չկան բացարձակ օգտակար և բացարձակ վնասակար մթերքներ, կա օգտակար կյանքի ռեժիմ և վնասակար կյանքի ռեժիմ, որովհետև իրականում առողջ սնունդը, առողջ ապրելակերպը չի կայանում տարատեսակ դիետաներով։ Չի կարող մարդն ամբողջ կյանքում պահպանել դիետա կոչվածը։ Մարդը կարող է պահպանել սնուցման տիպ, այ սա ուրիշ բան է․ առողջ սնունդը պետք է դառնա մարդու ապրելակերպ և պետք է տևի ամբողջ կյանք, որը, ի դեպ, կարող է երկարել, եթե մենք ընտրում ենք առողջ ապրելակերպը։ Առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մեծ մասը մեր սննդակարգն է։
Մենք այսօր գիտենք, որ շատ-շատ տարածված է ոչ այդքան սխալ կամ ճիշտ մթերքների կիրառումը, այլ տարածված են սննդային վարքի խանգարումները։ Սա բանալի խնդիրն է մարդու առողջ ապրելակերպի մեջ, և, եթե մարդն ունի այս կամ այն աստիճանի ծանրության սննդային վարքի խանգարում, հասկանում ենք, որ սա պաթոլոգիկ վիճակ է և կարող է լինել թեթևից մինչև շատ ծանր։
Ի դեպ, ասեմ, որ թեթև տեսակներով գրեթե բոլորն են տառապում։ Ի՞նչ է սա նշանակում․ եթե մենք չունենք ճիշտ վերաբերմունք սննդի նկատմամբ։
Քչերն են սննդին վերաբերվում՝ որպես էներգիայի աղբյուր և առողջության պահպանման միջոց։ Մարդու ամբողջ կյանքն անհնար է պատկերացնել առանց ուտելիքի մասին մտքի։ Սա, կարելի է ասել, որ արդեն սննդային վարքի խանգարում է։ Եթե մարդն ամբողջ օրն անընդհատ ամեն ինչի հետ կապված մտածում է առաջին հերթին ուտելու և սննդամթերքների մասին, սա արդեն սննդային վարքի խանգարման սկիզբն է։ Եթե մեր ուտելը գիտակցված չէ, ունենք սննդային վարքի խանգարում։ Հետևաբար, ոչ թե տոնական օրերն են խնդիրը, այլ առօրյայում սննդային վարքն ինքնըստինքյան կհանգեցնի առողջության վերականգնմանը և պահպանմանը։

– Եթե երեկոյան մարդիկ հաց են ուտում՝ սննդային վարքի խանգարո՞ւմ է։
– Ոչ, այնքան կախված չէ ուտելու ժամը, ինչքան մեր վերաբերմունքն ընդունած սնունդին։ Հստակ պետք է գիտակցել՝ ի՞նչ բան է սնունդը և ե՞րբ է մեզ պետք։ Մեր մարմինը կառուցվում է այն մթերքներից, որոնք մենք ուտում ենք։ Իզուր չէ, որ այսպիսի խոսք կա՝ «ասա ինձ՝ ի՞նչ ես ուտում, կասեմ՝ դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում»։ Իսկապես, այն, թե մարդն ի՞նչ է ուտում և ինչպե՞ս, կարելի է դատել նրա մասին՝ գրագիտության աստիճան, տեղեկացվածություն, հոգեկան առողջություն։
Մարդը քաղցած է, նրան պետք է սնունդ, բնականաբար, նա պետք է կարողանա ճանաչել իր օրգանիզմի ազդակները։ Ինչքանո՞վ է այս ազդակն իսկապես ֆիզիոլոգիական սով (քաղցածություն), երբ մարդուն իսկապես պետք է ընդունել սնունդ, և ինչքանո՞վ է այս ազդակը, որ մենք այս պահին ստանում ենք և մեզ ուղեկցում է դեպի սառնարան, ֆիզիոլոգիական քա՞ղց է, թե՞ մեկ այլ բան, օրինակ, ներքին լարվածությունը հանելու պատճառ։ Ինչքանո՞վ է սա ինչ-որ խնդիր լուծում, ինչքանո՞վ ենք մենք սրանով փորձում հանգստանալ, ինչքանո՞վ է սնունդը հակադեպրեսանտի դեր կատարում։
Եթե մարդը կարողանա այս հարցերն իրեն տալ և ադեկվատ վերաբերվել, այդքանով նա ավելի մոտ կկանգնի առողջ սննդային վարք դրսևորելուն, և հետևաբար՝ ունենալու լավ առողջություն, նորմալ քաշ, ինչն այսօր շատ կարևոր է։ Գիտենք, թե ինչ հսկայական վտանգ է ներկայացնում մարդու համար յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամը։
– Խոսեցիք օրգանիզմի բեռնաթափման մասին. հիմնականում Ամանորից հետո մարդիկ ասում են՝ դե, մեկ շաբաթ բեռնաթափման օրեր կլինեն, և ինչքան ավելորդ քաշ հավաքել եմ՝ կվերանա։ Ճի՞շտ է։
– Նայած՝ որ տեսանկյունից ենք նայում։ Ըստ իս, մարդն առհասարակ պետք է առողջ սննդային վարք ունենա, որ չլինեն այդպիսի խնդիրներ, որ բեռնաթափման կարիք չլինի։
Պետք է այնքան հանգիստ վերաբերվեն սննդին, սննդամթերքին, յուրաքանչյուր ճոխ սեղանին, որ արդեն անընդունելի լինի այնպես բեռնվելը, որ հետո էլ պետք լինի բեռնաթափվել։
Երբ ճիշտ ու հանգիստ ես սնվում, ճիշտ ես վերաբերվում մթերքներին, ոչ մի ճոխ սեղան քեզ չի կարող ստիպել սանձազերծվել և հարձակվել սեղանի վրա։
Տեսնում եմ սխալ խորհուրդներ նաև տարբեր բլոգերների, բժիշկների կողմից։ 10 օրվա համար ինչ-որ սահմանափակող, մարդուն գրեթե քաղցած պահող սննդակարգեր են ասում, ինչը ճիշտ չէ, իրականության ճիշտ հակառակն է։ Այսինքն՝ նրանք պատրաստում են մարդուն, որ հարձակվի սեղանի վրա՝ ասելով, որ՝ 10 օր ոչինչ չեմ կերել կամ շատ քիչ եմ կերել, հիմա կարող եմ հերթով բոլորն ուտել։ Գիտե՞ք՝ ինչ, բացի քաշի ավելացումից, բացի թունավորումներից, կա նաև լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, և այս օրգանները չեն սիրում կտրուկ փոփոխություններ․ մեկ չուտես, մեկ մի քանի օր առավոտից իրիկուն ինչ պատահի՝ ուտես, հետո նորից բեռնաթափվես։
Աղեստամոքսային տրակտը և նրա հարակից օրգանները սիրում են հարմոնիկ, միապաղաղ ռեժիմ։ Նորմալ պետք է ստանալ սնունդ։ Կա ծիածանի օրենք, որը շատերի մոտ, չգիտես՝ ինչու, ծիծաղ է առաջացնում, բայց մեր սննդի մեջ մենք պետք է պահպանենք այդ օրենքը։ Այն պետք է բազմազան լինի։ Չի՛ կարելի անընդհատ նույն բաներն ուտել, որովհետև կզրկենք մեր օրգանիզմը շատ կարևոր նյութերից, կառաջացնենք դեֆիցիտներ։
Այսօր տարածված են սննդային հավելումները։ Խորհուրդ կտամ առանց բժշկի նշանակման չօգտագործել, չգնել տարբեր հարթակներից։ Ասեմ, որ հաճախ դրանց հրապարակված բաղադրությունն իրականությանը չի համապատասխանում։

Իմ խորհուրդն է՝ սնվել բազմազան, պահպանել ափսեում ծիածանի օրենքը, այսինքն՝ մեր ափսեում ծիածանի բոլոր գույները պետք է լինեն։ Առնվազն 5 օր մենք պետք է պահպանենք 5 գույների առկայությունը, 7 օրում պետք է անպայման մեր ափսեում ունենանք ծիածանի բոլոր գույները, որը կապահովի բազմաթիվ բիո ակտիվ նյութերի առկայությունը մեր սննդակարգում, որոնք հակաօքսիդներ են, պայքարում են քաղցկեղային բջիջների դեմ, բարձրացնում են իմունային համակարգի պաշտպանությունը, պաշտպանում ծերությունից։ Այսօր ծերությունը սահմանվում է՝ որպես հիվանդություն։
– Գոյություն ունի հակածերունական սննդակարգ, դա ո՞րն է։
– Հենց այն առողջ սնունդն է, որի մասին բոլորս խոսում ենք, ամեն տեղ գրվում է։ Մարդը պետք է ամեն օր ուտի առնվազն մոտ 400- 500 գրամ զանազան բանջարեղեն, 250-500 գրամ մրգեր և հատապտուղներ։ Մարդը պետք է ապահովի այդ ծիածանի օրենքը՝ մեծամասամբ ապահովելով հակածերունացման սննդակարգը։ Անպայման պետք է ամեն օր ուտել 20-30 գրամ ընդեղեն և սերմեր, 30 գրամ բջջանյութ։ Կերակուրը պետք է լինի բնական, պետք է խուսափել պահածոյացված մթերքներից, կիսաֆաբրիկատներից, մշակված մսից։ Այս մթերքներն են, որոնք տանում են օրգանիզմը ծերացման, որոնք պաշտպանողականությունը գցում են, նպաստում են զանազան ծանրագույն հիվանդությունների։ Հետևաբար, եթե մենք գիտակցված ենք մոտենում սնունդին, կկարողանանք մեր օրվա ռեժիմը և սննդակարգը դարձնել առողջ և լինել առողջ։