2025-ն ամփոփելիս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները պայմանական բաժանում են անում՝ օգոստոսի 8-ից առաջ ու հետո։ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնություններն ու ստորագրված փաստաթուղթը պատմական ու շրջադարձային են որակում բոլոր կողմերը։ Այն տարածաշրջանում նոր դարաշրջան բացելու հնարավորություն են համարում ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև աշխարհի գլխավոր դերակատարները։ Եվ այսպես, օգոստոսի 8-ի ջրբաժան․ շրջադարձային համաձայնություն նոր հնարավորություններո՞վ, թե՞ նոր մարտահրավերներով։
2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, որը Երևանն ու Բաքուն համաձայնեցրել էին Մոսկվայի միջնորդությամբ, միակ փաստաթուղթն էր, որը, այսպես ասենք, կարգավորում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները։ Այն, սակայն, ոչ միայն չիրագործվեց, այլև խախտվեց մի քանի անգամ․ ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, չլուծվեց Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցը, չիրագործված մնաց նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման։
Չգործող այս հայտարարությանը 2025-ին եկավ փոխարինելու Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը։ 17 հոդվածներից կազմված փաստաթղթով Երևանն ու Բաքուն, ըստ էության, համաձայնեցնում են այն կանոնները, որոնցով առաջնորդվելու են հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործընթացում։
Ուշագրավ է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ խոսեց հայ գերիների վերադարձի մասին։ Նա Ադրբեջանում պահվող գերիներին անվանեց հայ քրիստոնյաներ։
«Դուք 23 քրիստոնյաների մասին եք խոսում։ Ես խնդրելու եմ նրան, որ դա անի։ Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»։
ԱՄՆ նախագահի խնդրանքը դեռևս անարձագանք է մնում։ Բաքվում պահվող հայ գերիների դատավարություններն ըստ էության ավարտվել են, առաջիկայում կհրապարակվեն դատավճիռները։ Այս առումով «Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծիք էր հայտնել, որ գերիների վերադարձն իրավական ճանապարհով ապահովելը բարդ է, բայց բանավոր պայմանավորվածությունները կարող են ավելի կարևոր լինել։
«Սա դեկլարացիա է, դեկլարացիան կամքի արտահայտումն է, դա մեծ հաշվով նույնիսկ պարտավորեցնող չէ իրավաբանորեն։ Բայց որպես քաղաքական փաստաթուղթ, պարտավորեցնող է, բայց միայն ստորագրողների համար, որովհետև ի վերջո այդ փաստաթղթը պետք է դառնա պայմանագիր, դա պետք է ռատիֆիկացվի, ինչից հետո նոր դառնա պարտավորեցնող փաստաթուղթ»։
Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով ամրագրվեց նաև, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը վերահաստատում են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», — նշված է հռչակագրում։
Ամրագրվում էր նաև, որ Երևանն աշխատելու է Վաշինգտոնի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղու» կամ TRIPP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Փաստաթղթի ստորագրումից երեք ամիս անց հայտնի դարձավ, որ նախագծի իրականացումը կհամակարգի հայ-ամերիկյան ընկերությունը, կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի այն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեվերջին հստակեցրեց՝ TRIPP-ի շրջանակում երրորդ կողմի ներգրավվածության հարցը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափում։
«Հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Դա հստակ ձևակերպված է։ Բայց ես ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ՝ առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա, և հույս ունեմ, որ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն»։
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, խոսելով TRIPP–ի մասին, հիշեցնում է՝ խորհրդային տարիներին գործել է այն երկաթգիծը, որն այժմ նախատեսվում է վերականգնել։
«Խորհրդային Միությունը երկաթգիծ էր կառուցել Արաքսի ափին՝ անմիջապես կից Արաքսի ափին, որը Նախիջևանից Արաքսի ափով գալիս էր հասնում Հայաստան՝ Սյունիքի շրջան նույնպես Արաքսի ափով, հետո՝ նույն Արաքսի ափով միանում Ադրբեջանին։ Այսինքն՝ ուղիղ ճանապարհ կար Նախիջևանից Ադրբեջան։ Սա Արաքսի ափին գտնվող երկաթուղագիծն է, որի մասին այսօր խոսվում է»։
Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ TRIPP–ի շրջանակում Հայաստանով անցնելիք հաղորդակցության ուղիները ու դրանք սպասարկող ենթակառուցվածքները լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, այսինքն՝ ինչպես ՀՀ յուրաքանչյուր այլ տարածքում, այդտեղ էլ գործելու են ՀՀ օրենքներն ու պետական ինստիտուտները։ Այդպես է ողջ աշխարհում՝ պարզաբանում է Գալեչյանը։
«Ամբողջ աշխարհում՝ եթե Եվրոպայում դուք ավտոմեքենայով ճանապարհ են գնում, մի երկրից մյուսը անցնելու դեպքում անցնում եք անցակետը, մաքսային հսկողության միջոցով անցնում են մաքսակետը։ Հետո մյուս երկիրն եք մտնում, այդ երկրի անցակետով եք անցնում։ Նույն հերթականությամբ անցակետ ու մաքսային հսկողություն եք անցնում մյուս երկրում։ Ես տարիներ Լոնդոնում եմ ապրել, և այնտեղից մեքենայով Հռոմ՝ տղայիս տեսնելու էինք գնում և հինգ երկրով էինք անցնում։ Ոչ մի խնդիր դա չի առաջացնում, միայն ճանապարհի հարկն ես մուծում այդ երկրով անցնելիս։ Նույնը պետք է այստեղ արվի»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով, 2025 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները, թվարկեց այն հակամարտությունները, որոնք լուծվել են ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ:
Դրանց թվում նա հիշատակեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը՝ ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես նշեց պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը ևս։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը կարող էր ունենալ սարսափելի հետևանքներ, սակայն Միացյալ Նահանգները լուծեց հակամարտությունը»:
2026 թվականը բերելու է ավելի շատ մարտահրավերներ, սակայն ըստ Ըստ Ռուբիոյի ինքը սպասում է տեսնելու գալիք տարվա հետաքրքիր նվաճումները։
Տարեվերջին Հայաստանի արտգործնախարարությունը հստակեցրեց, որ TRIPP նախագծի փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին, և այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են վարվում ԱՄՆ գործընկերների հետ։ TRIPP հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, ըստ գերատեսչության, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի և օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։
Նախագիծն, ըստ արտգործնախարարության, լիովին համադրելի է տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր՝ ներառյալ Միջին միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրերի հետ: