Անընթեռնելի համարանիշով վարելու համար որքա՞ն կտուգանվեք

Որպես կանոն ձմեռային օրերին, հատկապես ձյան ժամանակ, ավտոմեքենաների համարանիշները կարող են ծածկվել ձյունով կամ ձնախառն կեղտով։ Սակայն շատ վարորդներ չգիտեն, որ նույնիսկ մասամբ անընթեռնելի համարանիշով վարելը վարչական պատասխանատվություն է առաջացնում։

Ո՞րն է անընթեռնելի համարանիշի սահմանումը

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.netը, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 123.5 հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ անընթեռնելի համարանիշ է այն հաշվառման համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից։

Տուգանքների չափերը

  1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող համարանիշով վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիհնգապատիկի չափով՝ 5,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 5 միավոր։
  2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիքսանհինգապատիկի չափով՝ 25,000 դրամ, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։
  3. Համարանիշը սահմանված տեղում չփակցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5,000 դրամ։
  4. Զույգ համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով՝ 20,000 դրամ, և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր։
  5. Առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի համարանիշով վարելը առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200,000 դրամ։

Կրկնակի խախտման դեպքում

Եթե վարորդը մեկ համարանիշով վարելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարի նույն խախտումը, ապա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ երկուհարյուրապատիկի չափով՝ 200,000 դրամ։

Կարևոր է իմանալ

  • Տրանսպորտային միջոցը համարվում է առանց հաշվառման համարանիշի, եթե այդ հաշվառման համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում՝ երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ։
  • Տրանսպորտային միջոցը զույգ համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ։

Հիշեք՝ ձյունոտ և ցուրտ եղանակներում պարբերաբար մաքրեք ձեր ավտոմեքենայի համարանիշները, որպեսզի դրանք լինեն մաքուր և ընթեռնելի։ Սա ոչ միայն կօգնի խուսափել տուգանքներից, այլև կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տեղեկացնում է Iravaban.netը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել  Iravaban.netը մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment