Այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար»

Անդրանիկ Օզանյան

Ամանորի նախօրեին Եռաբլուրում էի։ «Վահագն» Ռ. Հ. Բ. Հ. Կ.-ի հիմնադիր Մորուք Կարո Կարապետյանը Հայոց մեծ զորավար Անդրանիկի շիրմաքարի մոտ «Իշխանի շղթա» փոխանցեց արժանավոր հայորդիներից Արտակ Վարուժանի Ենգիբարյանին։

Նաև Վահագնի արձանիկով պարգևատրվեցին 3 հայորդի։

Անդրանիկի շիրմաքարի դիմաց է հուղարկավորված մերօրյա զորավար, ՀՀ ԶՈՒ գնդապետ, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ֆելիքսի Ասատրյանը։ Ծնվել է 1977 թ․ հունվարի 14-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Քասախ գյուղում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն Արցախի դեմ շատ բան փոխեց։ Եղավ պարտություն, սակայն նույն պատերազմում մարտիրոսված հազարավոր քաջորդիները մեզ պարտավորեցնում են՝ տեր մնալ հայրենիքին, գերությունից ազատել Արցախը։ Պատերազմի առաջին օրվանից մինչև հերոսական նահատակությունը Վահագն զորավարը մարտադաշտում էր՝ իր զինվորների հետ, ու չիմացավ՝ ինչ է նահանջը։ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին վերջին մարտը տվեց ու միացավ Հայոց նահատակ քաջորդիների Լուսե բանակին։

1994 թվականին ընդունվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտի զինվորական կոչում և հետախուզական դասակի հրամանատարի մասնագիտություն։ Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հետագա ծառայությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ որպես դասակի հրամանատար։ Եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։ Զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից դարձել է գնդապետ։

Հերոսի շիրմաքարի մոտ միայնակ տարեց կին էր խունկ ծխում։ Մոտեցա՝ խնկարկելու հերոսի հոգու համար։ Վահագնի մայրն էր՝ Սիմա Պետրոսյանը։ Հետաքրքրվեց՝ ովքեր էին Անդրանիկի շիրմաքարի մոտ։ Նաև հարցրեց՝ գիտե՞ն իր կրտսեր հերոս որդու մասին։ Իհարկե, յուրաքանչյուր հայ գիտի իր հերոսներին, իսկ Վահագն Ասատրյանը մարտիրոսվեց՝ հայրենիքի պաշտպանությունը գերադասելով անձից վեր։ Զրուցեցի Հերոսի մոր հետ, խոնարհվեցի նրա առջև, համբուրեցի ձեռքը, հրաժեշտ տվեցի։

Շրջեցի Ամենասրբավայրում, որտեղ օդը միշտ է ծանր․ հազարավոր նահատակ քաջորդիներ են այնտեղ հուղարկավորված՝ սկսած 1992 թվականից։

 

Այցելում եմ մարտական ընկերներիս, Քաշաթաղի շրջանից նահատակված քաջորդիների, ռազմական բժիշկ Արցախ Բունիաթյանի շիրիմներին։ Հիշողությունս տանում է Բերդաձոր, Քաշաթաղի շրջանի տարբեր վայրեր, երբ ծանոթանում էի հայոց երկիրը վերահայացրած մեր պատանիների հետ, ովքեր հետո դարձան հայրենիքի զինվոր, ու նաև շատերն արդեն Եռաբլուրում են…

Մարտական ընկերներիցս՝ Երեմ-Արսեն Խաչատրյանը, մասնակցեց Արցախյան բոլոր պատերազմներին։ 1993 թ․ ծանր վիրավորվեց Մարտակերտի շրջանում՝ Պուշկինյանում։ ՀՀ ԵԿՄ Ավանի բաժանմունքի նախագահն էր։ 2020 թ․ պատերազմից հետո էլ մշտապես իր տղերքի հետ դիրքապահների մոտ էր։ Սակայն վախճանվեց ծանր հիվանդությունից հետո։ Շիրմաքարի մոտ հիշում եմ՝ նույնիսկ մարտական ամենածանր պահերին մեր Երեմ-Արսենը չէր կորցնում հումորի զգացումը։ Նրա շիրմաքարի հարևանությամբ 2023 թ․ Արցախը պաշտպանելիս հերոսաբար նահատակված քաջորդիների շիրիմներն են։

Շիրմաքարերին դաջված Հերոսների դեմքերը՝ ծիծաղկոտ ու տխուր, լուրջ ու հանգիստ, հպարտ ու խոհուն, քեզ են նայում։ Ու բոլորի հայացքներում կա մի ընդհանրություն՝ պահանջ ողջերիս՝ տեր կանգնել Հայոց հողին, գերությունից ազատել Արցախ աշխարհը, այլապես միշտ է Եռաբլուրում օդը ծանր լինելու։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment