«Որպեսզի բոլորիս վիշտը մեղմանա, մեզ հաղթանակ է պետք։ 2026-ի մաղթանքը դա է»․ Քրիստինե Վարդանյանը Եռաբլուրում

«Մինչև 2020 թվականի պատերազմը և վերջին հինգ տարիները մեզ մոտ ավանդույթ է՝ Նոր տարին մինչև ընտանիքներով կշնորհավորենք, գալիս ենք Եռաբլուր շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ում շնորհիվ այս տոնն ունենք։ Ուղղակի մինչև 2020-ը դա անում էինք հպարտության զգացումով, հիմա գալիս ենք մի տեսակ նաև ներողություն խնդրելու, ասելու, որ չստացվեց պահել այն, ինչ մարդիկ կյանքի գնով ձեռք բերեցին»,- Եռաբլուրում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամանորի նախաշեմին Եռաբլուրում տասնյակ քաղաքացիներ իրականացրին մոմավառություն։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Կամավորական շարժում» ՀԿ-ի հետ համատեղ՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների ոգեկոչման և անմար հիշատակի համար կազմակերպված մոմավառությունն ավանդական է։

Քրիստինե Վարդանյանը վստահեցրեց՝ հերոս տղաների կյանքի գնով ձեռք բերվածը չի նսեմանում․ «Կարող է՝ հիմա ավելի քիչ ունենք, բայց մեկ է՝ դա էլ է անգին։ Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք մի օր վերականգնել այն, ինչ ունեցել ենք։ Մեզ համար հայրենիքը սկսվում է այստեղից»։

Քրիստինե Վարդանյանը ցավով նշեց՝ նաև առիթներ ու պատիվ են ունեցել շփվելու առաջին արցախյան պատերազմի հերոսների ընտանիքների հետ․ «Կորստի ու վշտի չափը նույնն է բոլորի մոտ, բայց առաջին արցախյան պատերազմի հերոսների ընտանիքների հետ շփումով մի բան այլ է՝ նրանց ընտանիքներին կարողանում էինք ինչ որ առումով մխիթարել՝ չկան զավակները, բայց կա հաղթանակը։ Որպեսզի բոլորիս վիշտը մեղմանա, մեզ հաղթանակ է պետք։ 2026-ի մաղթանքը դա է։ Մեզ հաղթանակներ ենք պետք ներքաղաքական բոլոր խնդիրները լուծելու համար, որ կարողանանք շարունակել ապրել։ Իմ մաղթանքը այն է, որ հաղթանակներ ունենանք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment