Որպես կանոն ամանորյա օրերին բոլորը շնորհավորում են միմյանց և օգտագործում ալկոհոլ։ Այս սովորությունից զերծ չեն մնում նաև վարորդները։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածը հստակ սահմանում է տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով՝ 29,000 դրամ, ինչպես նաև տուգանային միավորի կիրառում՝ 5 միավոր։
Ուշադրություն. Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց կամ տաքսի եք վարում ոչ սթափ վիճակում, ապա պատիժը կլինի վարելու իրավունքից զրկում՝ 6 ամիս ժամկետով։
Նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված է, որ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով։
Եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ, ապա պատիժը կլինի վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։
Սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը նույնպես առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։
Եթե վարորդը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարի նույն խախտումը, ապա կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։
Կարևոր է իմանալ. Օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն։
Ինչպես նաև արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ։ Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ։
Հիշեք՝ ամանորյա տոների ժամանակ ապահով վարեք և խուսափեք ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելուց։ Հարգեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների կյանքն ու առողջությունը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։