Տոների հակառակ կողմը. ինչպես այս տարվա բեռը չտեղափոխենք հաջորդ տարի, ներենք մեզ և դիմացիններին․ հոգեբանի դիտարկումները

«Տարեվերջը շատ կարևոր խորհուրդ ունի՝ ամփոփելու համար արածն ու չարածը, բայց շատ կարևոր է, որ դրանց անդրադառնալիս սովորենք նախևառաջ շնորհակալ լինել ինքներս մեզ այդ ճանապարհն անցնելու համար, ցանկացած իրավիճակում  առաջին ռեակցիան  պետք է լինի շնորհակալ լինելը, որ հաղթահարել ենք այս կամ այն դժվարությունը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի գործադիր տնօրեն,  հոգեբան Լուսինե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն խիստ մարդկային ու բնական ապրումներին, որոնք գալիս են, երբ հայտնվում ենք անցնող տարին ամփոփելու և նորը դիմավորելու սահմանագծին:

Ինչ արեցի ու չարեցի, ինչ ունեմ ու չունեմ, չէ՞, որ տարվա մեկնարկին տարվա ավարտն այլ կերպ էի պատկերացրել․  այս հարցերը հատկապես տարվա վերջին օրերին շատերին կարող են մտատանջել՝ ստիպելով ուրախանալ հաջողություններով, տխրել բաց թողած հնարավորությունների համար…

Ըստ Լուսինե Գրիգորյանի, տարին ամփոփելիս, երբ ունենում ենք շատ կարևոր բացթողումներ, ափսոսանքը հենց դրանից է գալիս, բայց առաջին հակազդումը չպետք է լինի ինքնախարազանումը, «ինչու՞»-ների ցավեցնող շքերթը.«Բայց և օբյեկտիվ վերլուծությունն անհրաժեշտություն է,  պետք է ոչ թե քննադատենք ինքներս մեզ, այլ տարվա ամփոփումը դնենք «սեղանին» և փորձենք հասկանալ, թե մեր հնարավորությունների քանի տոկոսն ենք օգտագործել, ոչ թե ափսոսալով դրա համար, այլ  հետևություններ անելով: Սա կօգնի, որ հաջորդ տարում  ջանքերը կրկնապատկենք, բոլոր այն թույլ կողմերը, որոնք մեզ խանգարել են  առաջ գնալ անցնող տարում, կատարելագործենք հաջորդ տարվա ընթացքում»:

«Մենք ամբողջ տարին չենք ապրում միայն նրա համար, որպեսզի վերջում ունենանք  արածի ու չարածի ամփոփումը, մեր կյանքի ընթացքը  պետք է կարողանանք դիտարկել ամբողջ տարվա ընթացքում, որովհետև տարվա բոլոր ամիսներին փոքրիկ ամփոփումները, անգամ  օրվա ընթացքում՝ քնելուց առաջ արվածները, շատ կարևոր են, որ մենք ամեն ինչ չթողնենք  միայն վերջին պահին»,-ասում է հոգեբանը:

«Շատ հաճախ մենք բուն պրոցեսը վայելելու խնդիր ենք ունենում  և  չենք կարողանում մեր ժամանակը, ռեսուրսները ճիշտ օգտագործել և որպեսզի տարեվերջին չունենանք ափսոսանքի  զգացում,  յուրաքանչյուր տարվա սկզբին նախևառաջ մեզ համար պետք է ձևակերպենք նպատակներ, թե ինչ ենք ուզում այդ տարվանից և ունենանք հստակ պլան, թե ուր ենք գնում  և բոլոր գործողությունները, բոլոր ռեսուրսներն ուղղենք  նպատակների իրականացմանը»,- ասում է հոգեբանը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ պրակտիկ մեթոդ է նպատակները թղթին հանձնելը, բայց և ընդգծում է՝ պետք է հիշել, որ թղթի վրա գրել ինչ ես ուզում, հավատալ, որ ուղարկելու ես Տիեզերք ու «ձեռքերդ ծալած» սպասելն արդյունքին, այդքան էլ լավ միտք չէ.«Շատ հաճախ մեր գլխում քաոս է լինում և մենք դրանք «դարակներում» դասավորելու անհրաժեշտություն ենք ունենում, թղթին հանձնելու նպատակը հենց այն է, որ մենք կարողանանք համակարգել հրատապ ու կարևոր անելիքները, դա չպետք է լինի ինքնանպատակ»:

Ըստ նրա՝ մի կողմից էլ սոցիալական ցանցերում հայտնի ու հաջողակ մարդկանց փայլփլուն ու իդեալական կյանքը, նրանց արձանագրած հաջողությունները կարող են էլ ավելի խորացնել անլիարժեքության բարդույթը՝ հասցնելով ընդհուպ նախանձի.«Նախանձը ինքնաոչնչացնող  հատկանիշ է, որը վնասում է միայն մեզ,  մենք ենք մեզ ներսից կեղեքում: Կարող ենք  հանդիպել մարդկանց, որոնք մշտապես համեմատության մեջ են դնում իրենց կյանքը և, տեսնելով դիմացինի առավելությունները, իրենց մեջ էլ ավելի ամրապնդում են սեփական թերությունները՝  միշտ բաժակը տեսնելով կիսով չափ դատարկ»,- ասում է Գրիգորյանը:

«Գուցե մենք էլ մեր կյանքի սահմաններում ենք հաջողակ, պարզապես ինքներս մեզ հաջողությունները գրանցելու հնարավորություն չենք տալիս, համեմատությունների մեջ  սեփական ձեռքբերումները չենք տեսնում»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախատոնական օրերը հատկապես ծանր են կանանց համար. «Կնոջ ուսերին, այո, բեռը շատ է և,  ցավոք, դա իրեն շատ հաճախ զրկում է տոնն ամբողջությամբ վայելելու հնարավորությունից, Ամանորի խորհուրդը զգալուց:  Մենք կարևորը թողած մրցակցությամբ  ենք զբաղված, իսկ  կինը, ով այդ օրերին իրեն մի կողմ դրած ամեն ինչ անում է,  ծանրաբեռնված է, նյարդային է,  պարզապես  «պայթյունավտանգ է» ընտանիքի համար, որովհետև կնոջ խաղաղությունը ընտանիքի խաղաղությունն է: Բոլոր ընտրությունների մեջ հայ կնոջն առաջին հերթին խորհուրդ կտամ ընտրել ինքն իրեն, քանի որ եթե երջանիկ  է կինը, երջանիկ են  ընտանիքի բոլոր անդամները»:

Հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով, որքան էլ դժվար է, որքան էլ հոգսերն ու պարտականությունները գլուխ են բարձրացնում, պետք է  փորձել չմոռանալ մեր մեջ ապրող երեխայի մասին, ով իր մեջ կրում է Ամանորի հրաշքին հավատալու ունակությունը.«Ցանկացած իրավիճակում պետք է սովորենք վերցնել միայն դրական հիշողությունները, սովորենք լինել այն հարթության վրա,երբ ինքներս մեզ կարող ենք գնահատել ու առավել սիրել, բաց թողնել այն ծանր իրավիճակները, որոնցով անցել ենք և դրանք այլևս որպես բեռ չտեղափոխենք  հաջորդ տարի, իսկ եթե կան անլուծելի թվացող խնդիրներ, հանձնել դրանք ժամանակին»,- ասում է մեր զրուցակիցը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով, պետք է փորձենք նաև ներել ինքներս մեզ ու դիմացինին ու սա ոչ միայն անենք տարվա վերջում,այլ՝ ամեն օր:

«Մեր կյանքի  հեքիաթները ստեղծողը մենք ենք և դրանց սկզբի, ընթացքի ու ավարտի պատասխանատուն՝ ևս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment