Իշխան Սաղաթելյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ է սկսվել

Իշխան Սաղաթելյանի, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ է սկսվել։ Iravaban.net-ը տեղեկանում է  Իշխան Սաղաթելյանի կատարած գրառումից։

Նա նշել է, որ վարույթ սկսելու վերաբերյալ ծանուցում է ստացել Դատախազությունից։ Սաղաթելյանը անտրամաբանական է որակել «ապօրինի գույք» բնութագիրը։

«Դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ մտահոգվելու որևէ խնդիր չունի.« որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք:

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։ Սակայն ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։

Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը»,- եզրափակել է  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Leave a Comment