Ազգային ժողովրդավարական բևեռը շարունակում է իր հետևողական պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կայացման, ազգային արժեքների պահպանման և վերահաստատման, ինչպես նաև Հայաստանում ժողվրդավարության գահավիժումը, խոսքի ու անձնական ազատությունների ահագնացող սահմանափակումները կանխելու համար։
Ըստ այդմ, ս․/թ․ դեկտեմբերի 22-ին, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը Ազգային ժողովրդավարական Բևեռի անունից պաշտոնական նամակով դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին, վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին, Կոնգրեսի և Սենատի հայամետ անդամներին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Եվրամիության այլ կառույցների ղեկավարներին և մի շարք երկրների պաշտոնատար անձանց՝ ահազանգելով Հայաստանում աճող ավտորիտարիզմի, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների, ինչպես նաև առաջիկա ընտրությունների ընթացքի և արդյունքների հնարավոր նենգափոխման վտանգի մասին։
Նամակում՝ որը ԱԺԲ-ի անունից հասցեատերերին են հանձնել Վաշինգտոնում և Լոնդոնում ԱԺԲ-ն ներկայացնող լոբրիստական կացմակերպությունները նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ վտանգի առջև՝ իշխանությունների կողմից ժողովրդավարական հաստատությունների հետևողական քայքայման, մամուլի և ազատ խոսքի սահմանափակման, ընդդիմադիր ուժերի վարչական ճնշումների և դատաիրավական համակարգի քաղաքականացման հետևանքով։ Ընդգծվում է հատկապես Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող ճնշումների քաղաքական բնույթը, ինչպես նաև հոգևորականների և հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող անօրինական հետապնդումները։
ԱԺԲ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2026թ. նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանությունների վարած քաղաքականությունն ակնհայտորեն վտանգում է ընտրությունների ազատ և արդար անցկացումը։ Նշվում են զանգվածային վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակեղծիքների, պետական ծառայողների վրա ճնշումների և ընտրական հանրային կառույցների քաղաքական վերահսկողության ռիսկերը։
Միաժամանակ ընդգծվում է, որ իրավիճակը սրվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության սպառնալիքների հենքին՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համադրված քաղաքական ճնշումների պայմաններում, ինչը, ըստ ԱԺԲ-ի, իշխանությունների անարդյունավետ և վտանգավոր քաղաքականության հետևանքն է։
ԱԺԲ-ն կոչ է անում Միացյալ Նահանգներին և արևմտյան ժողովրդավարական աշխարհին՝
- աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների պահպանմանը,
- նպաստել անկախ, տևական և ընդգրկուն ընտրական վերահսկողության ապահովմանը,
- Հայաստանի Հանրապետությանը վերաբերվող քաղաքական ուշադրությունը պահել միջազգային բարձր հարթակներում։
Ազգային ժողովրդավարական բևեռը վստահեցնում է, որ արևմտյան գործընկերների աջակցությամբ հնարավոր է թույլ չտալ Հայաստանի Հանրապետության վերջնական սայթաքումը ավտորիտար ռեժիմի անդունդը և ապահովել երկրի ժողովրդավարական ու պետական ինքնիշխանության պահպանումը ազգային ինքնության հիմքերի վրա։
Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: