Նոր տարին դիմավորում ենք հույսով, որ 2026 թվականը Հայաստանի պատմության մեջ կդառնա անկյունաքարային. ՍԴՀԿ

Ս. Դ. ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ

Թողնում ենք ետևում բուռն իրադարձություններով լի մի տարի, երբ ականատեսը եղանք Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար հուսադրող զարգացումների, իսկ Միջին Արևելքում՝ տակավ շարունակվող տագնապալի իրավիճակի ու մարդկային տառապանքների:

Անտարակույս, 2025 թվականի ամենահատկանշական ձեռքբերումը եղավ Օգոստոս 8-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որոնց շնորհիվ տարածաշրջանում կայուն խաղաղության, տնտեսական համագործակցության և բարգավաճման մի նոր էջ բացվեց։

Բացի այդ, Հայաստան-Եվրոպական Միություն ռազմավարական և տնտեսական հարաբերությունների խորացումը ոչ միայն ճանապարհ է հարթում դեպի եվրոպական նոր ու այլընտրանքային շուկաներ, այլև Հայաստանի համար ստեղծում է Եվրոպական Միության անդամակցելու իրատեսական հեռանկար:

Հակառակ հուսադրող զարգացումներին, դեռևս լուրջ և անհետաձգելի խնդիր է մնում Ադրբեջանական բանտերում կալանավորված հայ գերիների հարցը, Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված հայերի իրավունքների վերականգնումը և Արցախի տարածքում մնացած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։

Մյուս կողմից, Միջին Արևելքը շարունակում է մնալ աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանը: Հակառակ զինադադարին ու գերիների փոխանակման համաձայնությանը, Գազայի հատվածի բնակչությունը շարունակում է ապրել դաժան պայմաններում՝ իսրայելյան բանակի տևական սպառնալիքի ներքո:

Զուգահեռաբար, Լիբանանի հարավը ենթարկվում է իսրայելյան օդուժի ամենօրյա թիրախավորմանը՝ արդեն իսկ հյուծված Լիբանանը դնելով ավելի ծանր քաղաքական, սոցիալական և տնտեսական ճնշումների տակ։ Իսկ Սիրիայի նոր իշխանությունները փորձում են մի կողմից պահել երկրին միասնականությունը, իսկ մյուս կողմից ապահովել քաղաքացիների տարրական կենցաղային պայմանները:

Բնականաբար, այս անկայուն և անորոշ իրավիճակը իր բացասական ազդեցությունն է ունենում շրջանի հայության սոցիալական և տնտեսական կյանքի վրա: Մեր մաղթանքն է, որ 2026 թվականը Միջին Արևելքին բերի կայուն ու հարատև խաղաղություն, որպեսզի ժողովուրդները կարողանան ապրել և ստեղծագործել իրենց բնօրրաններում:

Նոր տարին դիմավորում ենք լավատեսությամբ և այն հույսով, որ 2026 թվականը Հայաստանի արդի պատմության մեջ կդառնա անկյունաքարային տարի՝ երկարատև խաղաղության հաստատումով և տնտեսական ու սոցիալական վերելքով։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment