Երբ քաղաքական միակ «զենքը» դիմացինին վարկաբեկելն է
Չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու 2026 թվականի ընտրությունները, բայց փաշինյանական քարոզչությանը լուրջ փորձություն է սպասում: Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու:
Իշխանությունն ասում է, որ Արցախի կորուստը եւ հայաթափումը մեր պետականության հաղթանակն էր, «թոկից ազատվել» էր: Հասարակություն կեսը դրա հետ համաձայն է: («Կեսը» ասելով, ես նկատի չունեմ 50 տոկոսը, տոկոսն այստեղ էական չէ): Մյուս կեսը կարծում է, որ դա, ճիշտ հակառակը, հայկական պետականության խոշոր տապալումն էր: Ես, բնականաբար, այդ երկրորդ կեսում եմ: Իշխանությունը խնդիր է ունեցել ապացուցելու այն, ինչն, իմ կարծիքով, ապացուցելի չէ, եւ այս հարցում զգալի հաջողությունների է հասել: Տասը տարի առաջ դա հնարավոր չէր լինի. այն ղեկավարը, որը թույլ կտար այդ աղետը, մեկ րոպե չէր կարողանա կառավարել Հայաստանի Հանրապետությունը:
Թվում է, թե իշխանության համար ամեն ինչ լավ է դասավորվում: Ովքեր ասում են, որ Արցախի հայաթափումը հրաշալի իրադարձություն էր, ըստ իշխանությունների՝ կողմ են խաղաղությանը, իսկ ովքեր կարծում են, թե դա սարսափելի աղետ էր, կրկին՝ ըստ իշխանությունների եւ նրանց քարոզիչների, ցանկանում են, որ մեր երեխաները զոհվեն նոր պատերազմում, նրանք բոլոր իմաստներով ռեւանշիստ են եւ Ռուսաստանի գործակալ: Ընդդիմախոսներին այդպես վարկաբեկելը, կարծես թե, շատ դեպքերում ստացվում է:
Բայց դա երկսայր զենք է: Եթե ամբողջ քաղաքականությունը հիմնված է վարկաբեկելու, «կոմպրոմատի» վրա, եթե որեւէ փորձ չի արվում դիրքորոշումները մոտեցնել կամ նույնիսկ խնդիրները լրջորեն քննարկել, ապա չեն ձեւավորվում որոշակի ընդհանուր արժեքներ, անվիճելի «կարմիր գծեր»: Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ վերանալու են բոլորի կողմից ընդունված չափանիշները, որոնցով հնարավոր կլինի նաեւ հետագայում վարկաբեկել ընդդիմախոսներին: Դրա մասին, ի դեպ, գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Սկսենք կոնկրետ օրինակից եւ հիշենք, թե ինչպես էին ՔՊ-ականները փորձում վարկաբեկել Հայկ Մարությանին, երբ մոտ 4 տարի առաջ ուզում էին նրան հեռացնել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Հրապարակվել էր հետեւյալ տեքստը (մեջբերում եմ հատվածաբար). «ԸՍՏ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: …Այժմ, ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: …ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՆԱԵՎ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ» (ընդգծումներն իմն են – Ա.Ա.):
Ինչպես տեսնում եք, ՔՊ-ի եւ անձամբ Փաշինյանի «ֆիրմային ոճն է»: Ընդ որում, քանի որ նման բան իշխանությունն է հայտարարում, հիմքեր կան ենթադրելու, որ «շրջանառվող լուրերը» պետական որոշակի կառույցի կողմից ապօրինի հետեւելու արդյունք են:
Բայց խոսքը հիմա այլ բանի մասին է: Այդպիսի «կոմպրոմատի» հրապարակումը ինքնին, by default ենթադրում է, որ կուսակցությունից դուրս գալու մասին դիմում գրելը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի հետ հանդիպելը (անկախ նրանից՝ ճիշտ է դա, թե սուտ) վարկաբեկիչ է: Գուցե 4 տարի առաջ այդպես էր, բայց հիմա, երբ, կրկնեմ, վերջնականապես ջնջվել են հասարակության համար կոնսենսուսով ընդունված չափանիշները, չեմ կարծում, որ Երեւանի քաղաքապետի հանդիպումը նշված անձանց հետ, ցնցող «կոմպրոմատ» կլիներ:
Իսկ հիմա «փորձարկենք» մի քանի պնդում եւ տեսնենք՝ արդյո՞ք դրանք միանշանակ, այսպես ասած, «պայթեցված ռումբի» նշանակություն կարող են ունենալ: Եթե, դարձյալ կրկնեմ՝ Արցախի կորուստը եւ դրա հետ կապված իրադարձություններն այս իշխանությանը չեն վարկաբեկում:
Եվ այսպես. կուսակրոն հոգեւորականները (այդ թվում, ի դեպ՝ նիկոլական եպիսկոպոսները) իրականում կուսակրոն չեն: Այսինչ ներկա կամ նախկին պաշտոնյան իր դիրքն օգտագործել է հարստանալու համար: Այսինչ ամուսնացած տղամարդը սիրուհի ունի: Այսինչ քաղաքական գործիչն առաջ մի բան էր ասում, իսկ հիմա 180 աստիճանով դրա հակառակն է պնդում (դե, այստեղ Փաշինյանը «չեմպիոն» է): Ասացեք, խնդրեմ, թվարկածներից (կարելի է անվերջ շարունակել այդ շարքը) ո՞ր «կոմպրոմատն» է ցնցելու հասարակությանը եւ անվրեպ աշխատելու այն տարածողների կամ մոգոնողներին օգտին:
…Փաշինյանի իշխանությունը դեռ «կոմպրոմատի» հին ալիքի վրա է: Վերջերս, երբ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ինքը ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն է, իշխանությունները լուր տարածեցին, իբր նա, նախորդ ընտրություններին մասնակցելու համար, ռեստորան է նվեր ստացել: Բրա՛վո: Հիմա արդեն պարզ է, որ իշխանությունները ԵՄ-ի տված 15 միլիոն եվրոն արդյունավետ են օգտագործելու եւ էֆեկտիվորեն հակազդելու են, մասնավորապես, ՀԱԿ-ի նախաձեռնած «հիբրիդային հարձակումներին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: