Պուտինյան գլխավոր քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, պետական պարգեւ ստանալով ՌԴ նախագահի ձեռքից, պաթոսային ճառ է արտասանել եւ, մասնավորապես, հայտարարել է. «Պատերազմը բացահայտել է մեր լավագույն հատկությունները»: Չեմ հավատում, որ դա հնարավոր է: Վստահ եմ, որ պատերազմը, ճիշտ հակառակը, բացահայտում է մարդկային վատագույն որակները:
Այն, ինչ խախտում է մարդկային կյանքի բնականոն ընթացքը, մշտապես հղի է բացասական հետեւանքներով: Խաղաղ կյանքում կան, կամ համենայնդեպս, պետք է լինեն որոշակի տաբուներ: Նախեւառաջ՝ եթե խոսքը բուն մարտական գործողությունների մասին է, խոսքը ոչ միայն սպանելու, այլ սպանությունն արդարացնելու, սպանությունը քարոզելու, նույնիսկ, պատրիարք Կիրիլի եւ նրա ստորադասների դեպքում՝ սպանությունն օրհնելու մասին է: Ինչպե՞ս կարող է 100 հազարավոր ռուսաստանցիների եւ ուկրաինացիների մահը որեւէ մեկի մեջ որեւէ լավ բան բացահայտել:
Իհարկե, 2026-ի հիմնական ակնկալիքս խաղաղությունն է: Նախեւառաջ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ վերջին հակամարտությունից տուժում ենք նաեւ մենք՝ հայաստանցիներս. ԵՄ-ն այնքան է խրվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, որ բոլոր մնացած երկրների հետ հարաբերությունները դիտարկում է այդ հակամարտության, ոչ թե իր հիմնարար արժեքների համատեքստում:
Բայց ես երազում եմ նաեւ, որ Հայաստանի ներսում լինի խաղաղություն: Ի՜նչ խաղաղ են անցնում այն օրերը, երբ Փաշինյանը ոչ մի սադրիչ, պառակտիչ գրառում, հայտարարություն չի անում ու ոչ մեկին չի ձերբակալում: Ցավոք, եկող տարի նման խաղաղ օրեր քիչ են լինելու: Նախ՝ ընտրություններ են սպասվում: Երկրորդ՝ կռիվը, սկանդալը, անմակարդակ վեճը, հակառակությունը ներկայիս վարչապետի modus vivendi-ին է:
Եվ Փաշինյանի կողմից մշտապես հրահրվող այդ «պատերազմը» նույնպես ի հայտ է բերում մարդկային վատագույն որակները: Անցած տարվա իմ, բացասական առումով, ամենամեծ բացահայտումներից էր 10 եպիսկոպոսների անսպասելիորեն դրսեւորած քստմնելի ստորաքարշությունը: Հակառակ կողմում նույնպես, նաեւ իմ մեջ, այդ «պատերազմն» այնպիսի էմոցիաներ է առաջացնում, որոնք, խոստովանեմ, ես չէի ցանկանա ապրել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: