Քիչ առաջ ավարտվեց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նրա փաստաբան Սոս Հակոբյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 20։20-ին։
Սոս Հակոբյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում մանրամասն քննարկում է իրականացվել, պաշտպանական կողմը դիրքորոշում է հայտնել, որ այն, ինչում մեղադրում են Խաչիկ Գալստյանին, քրեական օրենսգրքով արգելված նմանատիպ որևէ արարք Խաչիկ Գալստյանը չի կատարել․ «Մեր դիրքորոշումը հայտնեցինք խափանման միջոցի վերաբերյալ, ասացինք, որ դրա անհրաժեշտությունը չկա՝ հաշվի առնելով նրա ընտանեկան վիճակը, հեղինակությունը, պաշտպանական կողմն ասաց, որ եթե դատարանը գտնի, որ խափանման միջոցի անհրաժեշտություն կա, ցանկացած այլընտրանքային խափանման միջոց կամ խափանման միջոցների համակցություն մեր կողմից ընդունելի կլինի։ Հույս ունենք, որ դատարանը կգնահատի այդ ամենը, և առնվազն ազատության հարցով խնդիր մենք չենք ունենա»։
Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: