«Վտարելն օրակարգի հարց չէ․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»․ Ազատ Արշակյան

«ՀՀ-ի գոյությունը պայմանավորված է որևէ եվրոպական երկրի ռազմական ներկայությամբ այս տարածաշրջանում։ Պետք է այստեղ լինի արևմտյան որևէ ներկայություն՝ այդ թվում Ռուսաստանը՝ որպես Եվրոպա։ Նրանց վտարելը օրակարգի հարց չէ, համաձայն եմ՝ նրանց փոխարինելով․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»,-Aravot.am-ի հարցին՝ համադրելի՞ է արդյոք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, երբ մի կողմից ԵՄ-ի հետ հարաբերություններն են խորացնում և մյուս կողմից հայտարարում, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումն օրակարգային չէ, այսպես պատասխանեց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման և ՌԴ-ի հետ որևէ կապ խզելու հարց, Հայաստանն այդ հարցերի շուրջ քննարկումներ չի ունենում։

Ըստ Ազատ Արշակյանի՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՌԴ-ն գործընկերներ են․ աշխարհը բաժանում են իրար մեջ, և վերաբաշխումներ են տեղի ունենում․ «Նրանցից ոմանք իրենց բաժինը ավելացնում են, ոմանք՝ պակասեցնում։ Ես կարծում եմ՝ ՀՀ տարածքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տեղի է ունենում գոյություն ունեցող հավասարակշռության խախտում։ ՌԴ ազդեցությունն այս տարածաշրջանում էականորեն պակասում է, և այդ տեղը լրացնում են նրա ծավալապաշտ գործընկերները։ Ե′վ ԱՄՆ-ն, և′ ԵՄ-ն, և′ ՌԴ-ն ծավալապաշտ պետություններ են, իրար մեջ բաժանում են՝ ով ավել, ով պակաս»։

Ազատ Արշակյանը չի կարծում, որ նրանցից որևէ մեկի ազդեցությունը տարածաշրջանում կզրոյացվի․ «ԵՄ-ն, ՌԴ-ն և ԱՄՆ-ն հակակշիռներ են, իրենք գիտեն, որ իրենց գոյությունը՝ որպես գերտերություններ, որպես մեծ կայսրություններ պայմանավորված է մյուս գործընկերների գոյությամբ։ Այնպես որ, ՀՀ-ին չի սպառնում  մեկուսացում, լքվածություն, անուշադրություն, ՀՀ-ն կմնա ուշադրության կենտրոնում, և երկու կողմերը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն շահագրգռված են, որ ՌԴ-ն ներկա լինի այս տարածաշրջանում՝ հատկապես ՀՀ-ում։ Այդ իմաստով մենք կանգնած ենք փաստի առաջ․ մենք 4-րդ ուժը չենք այդ ծավալապաշտ, կայսերական պետությունների մեջ, այստեղ բաժանման և վերաբաշխման օբյեկտ ենք։ Դրա համար էլ կարծում եմ՝ հարկավոր է՝ այդ կարգավիճակը հաշվի առնելով աջակցել այդ ուժերից որևէ մեկին՝ ելնելով մեր երկրի շահերից։ Հաշվի առնելով մեր իմաստուն ժողովրդի, ՀՀ քաղաքացիների կամքը՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքը, իշխանությունն ընդառաջ է գնում և′ ԵՄ-ին, և′ ՀՀ քաղաքացիների ցանկությանը»։

Մեր հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ ինչ-որ պահի հենց ԵՄ-ն է այդ հարցը դնելու, քանի որ մի կողմից ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ենք բանակցում, մյուս կողմից մեր տարածքում պահում ենք ռուսական ռազմաբազա, Ազատ Արշակյանը պատասխանեց․ «Մենք մեր տարածքում չենք պահում ռուսական ռազմաբազա․ ռազմաբազան ինքն է տեղավորվել այստեղ․ 200 տարի առաջ եկել ու մնացել են։ Երկու անգամ ՌԴ ռազմական ուժը ՀՀ-ից հեռացել է՝ 1918-ի մայիսին և 1990-ի հունիսին․ երբ իրենք ուզել են, հեռացել են։ Հիմա իրենք չեն ուզում հեռանալ, մենք չենք կարող նրանց ստիպել, որ հեռանան, մենք այդպիսի տնտեսական, ռազմական, ֆինանսական քաղաքական պոտենցիալ չունենք, որ նրանց վտարենք, նրանց վտարողը պետք է լինեն իր գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն։ Մենք ուղղակի աջակցում ենք, ժամանակին աջակցել ենք, որ այդ ռազմական ներկայությունը լինի Հայաստանում, ռուսական բանակի ներխուժմանը այս տարածք։ Համարել ենք, որ սպիտակ կայսրն է գալիս գորշ շահին փոխարինելու, հիմա մենք մեզ վրա չենք վերցնում նրան վտարելու գործը։ Ով ուզում է նրան վտարել, կվտարի, եթե ուժը պատի։ Ես կարծում եմ, որ մենք այդքան ռեսուրսներ չունենք այստեղից ՌԴ-ին վտարելու՝ մանավանդ, որ մյուսները՝ ում մենք ենթադրում ենք, որ պետք է գան, ապահովեն ՀՀ անվտանգությունը, նրանք այսօր ՀՀ-ում ռազմական ներկայության ցանկություն չունեն։ Իսկ ՀՀ-ն իր ռեսուրսներով չի կարող ապահովել իր անվտանգությունը․ մեզ պետք է հատուկ շահագրգիռ դաշնակից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment