Հայկական Ամանորի ավանդական սեղանը և ծեսերը․ «Հայագիտակ»

Ավանդաբար հայ նախնիները Ամանորը նշել են շատ համեստ՝ բացառապես պասուց կերակուրներով, քանի որ տոնը համընկնում էր Սուրբ Ծննդյան պահքին։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը պատմում է, թե այդ շրջանում ինչով էր առանձնանում տոնական սեղանը։ Նշում է, որ տոնական սեղանի պարտադիր բաղադրիչներն էին չրերը, մրգերն ու չարազը։

Ամանորյա սեղանի անբաժանելի մասն էին հատուկ ծիսական խմորեղենները՝ «ասիլ-բասիլները», որոնց միջոցով նաև գուշակություններ էին անում։ Եթե թխվելիս խմորն ուռչում ու բարձրանում էր, համարվում էր, որ տարին հաջողակ կլինի, բերքը՝ առատ, իսկ ընտանիքում երեխաներ կծնվեն։ Տոնական հիմնական ուտեստը պասուց տոլման էր՝ պատրաստված յոթ տեսակի հատիկեղենից՝ կաղամբի կամ խաղողի տերևով։

Ընտանիքը միավորող կարևորագույն խորհրդանիշը Տարեհացն էր։ Այս ծիսական գաթայի մեջ նախապես դրվում էր որևէ նշան՝ դրամ, կոճակ կամ լոբու հատիկ։ Ըստ ավանդույթի՝ նրան, ում բաժին էր ընկնում այդ նշանը, սպասվում էր հաջողակ տարի։ Հատկանշական է, որ Տարեհացից բաժին էր հանվում նաև տան կենդանիներին, որպեսզի հաջողությունը տարածվեր ամբողջ տնտեսության վրա։

Leave a Comment