Ընթացիկ տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսական ցուցանիշերն աճել են։Դրաննպաստել են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտները, շինարարությունը։ 2018 թվականից հետո, ըստ Հայաստանի վարչապետի, երկրի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 %–ով։ Ռուս–ուկրաինական հակամարտության ստեղծած անորոշությունները տնտեսական դաշտում դեռ կարևոր գործոն են մնում։ Փորձագիտական գնահատումներով, կախված դրա կարգավորումից, իրավիճակը գուցե փոխվի։
2025–ի տնտեսական տարին փորձագետները բաժանում են երկու մասի՝ մինչև օգոստոսի 8–ը, երբ ԱՄՆ–ում նախաստորագրվեց վաշինգտոնյան փաստաթուղթը, և դրանից հետո։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ամփոփելով 2025–ի տնտեսական տարին, մատնանշում է, որ ոչ միայն օգոստոսի 8–ն էր կարևոր Հայաստանի համար․
«Մենք հիշենք, որ կառավարությունը նաև բազմաթիվ ռազմավարական ծրագրեր է նախաձեռնել կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության վերաբերյալ։ Արդեն իսկ հստակ է, որ 2026 թ․ ընդունվելու է տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը։ Սրանք բոլորը համակարգված քայլերի, սինխրոն գործընթացների արդյունք են, և յուրաքանչյուր նմանատիպ գործընթաց իր դրական ազդեցությունն ունի կայուն մակրոտնտեսական մակարդակի ապահովման, բնակչության՝ խուճապի չմատնվելու, երկարաժամկետ ռազմավարություն մշակելու և այդ շրջանակում բնականաբար դրամը որպես արժույթ դիտարկելու առումով»։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 %։ Այժմյան գնահատականներով՝ տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 % կկազմի։ Հայաստանի նախագահն ընդգծում է՝ սա ձեռքբերում է, որին հասել են բոլորը միասին՝ կառավարությունից մինչև մասնավոր հատված․
«Այս տնտեսական աճը վերջին տարիներին պայմանավորված է 2018 թ․թավշյա հեղափոխությունով։ Տնտեսագիտորեն բավական բարդ է, բայց որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք տվել է, փաստ է»։
2018 թվականից հետո, ըստ Հայաստանի վարչապետի, երկրի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 %-ով․ խոսքն իրական տնտեսական աճի մասին է՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը․
«Այս տարվա աճի ցուցանիշները նույնպես շատ կարևոր են։ Մենք, ըստ էության, վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը վստահաբար կատարում ենք։ Սա նույնպես կարևոր արդյունք է»։
Ըստ վիճակագրության՝ ընթացիկ աճին շարունակում են նպաստել հիմնականում ՏՏ և ֆինանսական ոլորտները, շինարարությունը։ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյան․
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը դիտարկելիս նույնիսկ որոշակի արագացում ենք նկատում։ Հատկապես սեպտեմբերին և հոկտեմբերին ՏԱՑ–ը երկնիշ է։ Այստեղ մեծ աճ կա մշակող արդյունաբերության մեջ, հատկապես սեպտեմբերին և հոկտեմբերին։ Հոկտեմբերին այս ոլորտում արդեն մոտ 20 % աճ կա։ Հատկանշական է, որ այս աճին մեծապես նպաստում են հիմնային մետաղների արտադրության ճյուղերը։ Սա, ըստ էության, մեր տնտեսական վիճակի հետ բավական քիչ է կապված»։
Ռուս–ուկրաինական հակամարտության առաջացրած անորոշությունները տնտեսական դաշտում կարևոր գործոն են մնում։ Կախված դրա կարգավորումից՝ հնարավոր է՝ իրավիճակը փոխվի, ասում է Վազգեն Պողոսյանը․
«Ռուսաստանի դեմ սանկցիաները հանելու կամ մասնակիորեն հանելու պարագայում կարող է Հայաստանից կապիտալի արտահոսք լինել։ Սա գուցե ուղեկցվի պահանջարկի միջավայրի վատթարացման և գնանկումային որոշակի ռիսկերով»։
Տարվա ընթացքում գնաճը շուրջ 3 %-ի մակարդակում է պահպանվել։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանն ընդգծում է՝ համաշխարհային անորոշությունն այս պահին մեծ է, առկա են գնաճային որոշ վտանգներ․
«Հայաստանում գնաճը թիրախավորվում է 3+/-1 %-ի շրջակայքում, սակայն սա ամբողջական պատկերը չէ։ Սպառողական գների ինդեքսը հաշվարկվում է մոտ 400 անուն ապրանքների գների հիման վրա, ու տարբեր խավերի համար գնաճի ազդեցությունը տարբեր է»։
Հայաստանի տնտեսական աճի միջազգային կանխատեսումները 5 %-ի միջակայքում են։