ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարվա գլխավոր արտաքին քաղաքական իրադարձությունը եղել է օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովը, որի ընթացքում ամրագրվել են խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման հիմնարար սկզբունքները։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանը նշել է, որ գագաթնաժողովը «ավելին էր, քան «TRIPP» նախաձեռնությունը», քանի որ այնտեղ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և սահմանվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվի խաղաղությունը։
«Այդտեղ արձանագրվեց, որ ամբողջ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում՝ փոխադարձության սկզբունքով»,- ընդգծել է նախարարը։ Նրա խոսքով՝ այդ սկզբունքների շրջանակում է ներառվում նաև «TRIPP» նախաձեռնությունը, որը ներկայացվում է որպես հայ-ամերիկյան ենթակառուցվածքային ծրագիր, և որի շուրջ նախկինում հնչած «միջանցքային» մեղադրանքները եղել են մանիպուլյացիա։
«Հրապարակվեցին բոլոր համապատասխան փաստաթղթերը, և պարզ դարձավ, որ միջանցքի մասին որևէ ձևակերպում չկա՝ ոչ պայմանագրում, ոչ հուշագրերում»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել ամբողջական ապաշրջափակումն ու գործարկել «TRIPP»-ի ենթակառուցվածքները։ Նրա գնահատմամբ՝ ապաշրջափակման առաջին գործնական ուղղություններից մեկը կարող է լինել երկաթուղային հաղորդակցությունը։
«Այդ միջոցով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, կունենա ներմուծման և արտահանման հնարավորություններ, իսկ տարածաշրջանում կձևավորվեն նոր տարանցիկ կապեր»,- նշել է նա։
Միրզոյանը նաև հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ շարունակվում են ինտենսիվ աշխատանքներ՝ արդեն ավելի դետալիզացված պայմանների, իրավունքների և պարտականությունների շուրջ։
«Հուսամ՝ առաջիկա օրերին կամ շաբաթներին կունենանք առաջին հնարավոր փաստաթուղթը, իսկ հետագայում՝ արդեն գետնի վրա շինարարական աշխատանքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ քննարկվում են նաև բարձր մակարդակի ամերիկյան պատվիրակությունների հնարավոր այցերը Հայաստան։