«Վեհարանը վեհի՛» Փաշինյանի հակավեհափառական ստատուսները սոցցանցերում տարածող պաշտոնյան նոր պաշտոն է ստացել

Կառավարության որոշմամբ՝ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը վեց ամսով առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորություններն է անելու, մինչեւ տնօրենի ընտրություններ անցկացվեն:

Խարազյանը մեր զանգերն անպատասխան թողեց, Aravot.am-ը զրուցեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի հետ:

Նա չի բացառում, որ Խարազյանը հիմնադրամի տնօրեն նշանակվեց հենց սոցցանցերում հակաեկեղեցական ակտիվ արշավ անելու համար, այսինքն՝ նրա ջանքերը գնահատվեցին իշխանության կողմից:

«Ինքը ոչ միայն պրոպագանդում է հակաեկեղեցական արշավը այլեւ ոչ շատ կոռեկտ արտահայտություններ է անում այն քաղաքացիների ու բժիշկների, մասնագիտական հանրույթի հասցեին, որոնք քննադատական կարծիք են հայտնում կամ շեղվում են այդ օրակարգից, որն իրենք ընդունելի են համարում: Ես իր facebook-յան գրառումների համար նույնիսկ դիմել եմ քաղծառայության խորհրդին էթիկայի հանձնաժողով ստեղծելու ու նրա պահվածքը քննելու, բնականաբար, քանի որ այդ հանձնաժողովը գերատեսչությունների ենթակայությամբ է, իրեն ոչինչ չեն արել, պարզաբանել են, որ անձնական էջով ազատ է կարծիք հայտնել:

Կարծում եմ՝ սա պարգեւատրում է նրան, որովհետեւ անհասկանալի է՝ ինչու հենց Խարազյան Սամվելը, պետական առողջապահական գործակալությունը դեռ լուծարված չէր, ինչպես ստացվեց, որ մի օրվա մեջ նա գործակալությունից տեղափոխվեց հիմնադրամի տնօրեն: Նույնիսկ չգիտեմ էլ գործակալությունից ազատվել է, թե ոչ: Գուցե այնքան են շնորհակալ իրեն աշխատանքի համար, որ երկու պաշտոն են թողնում, որ զբաղեցնի»:

Խարազյանը որպես առողջապահական գործակալության ղեկավար պետպատվերներ տրամադրող եւ համակարգող միակ պատասխանատուն էր: Մամուլում դժգոհություններ կային իր աշխատանքի առումով, մասնավորապես, որ բյուջեն ավելանում ու ավելանում էր, բայց ամեն տարի պետպատվերների հատկացումների վիճակը նույնն էր մնում:

«Մենք միշտ գիտենք, որ տարվա կեսից պետպատվերների վերահսկողությունը չի եղել, բացթողումներ են եղել… այսինքն՝ գնահատել, որ նա հզոր մասնագետ է եղել, դրա համար ենք այդ մասնագետին պահում, այդպես չէ: Նա եղել է սովորական բաժնի պետ մինչեւ 2016 թվականը, 2016-ին մեծ քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել, նա լքել էր համակարգը, այնուհետեւ վերադարձավ ապահովագրական ինչ-որ ծրագրի շրջանակներում դարձավ նախարարի խորհրդական եւ շարունակեց նորից իր գործունեությունը պետական առողջապահական գործակալությունում: Այս շատ կարեւոր հիմնադրամն այդպես միանգամից առանց տարբերակներ քննարկելու տալ հենց Սամվել Խարազյանին, կարծում եմ՝ դա քաղաքական որոշում էր»,- ասաց Անուշ Պողոսյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment