ԱԼԻԵՎԸ ԳԻՆ Է ՈՒԶԵԼՈՒ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻ ՀԱՄԱՐ. ԳԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է. ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։

Նրա խոսքով՝ ժամանակակից պատերազմներում, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը, ցանկացած փոքր կամ մեծ ճակատամարտի ելքն այսօր վճռում է երկնքում ունեցած առավելությունը։

Սա առաջին կարևոր իրողությունն է, որ արձանագրում է պահեստազորի գնդապետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը բոլորովին վերջերս 40 միավոր JF-17 ժամանակակից կործանիչներ է ձեռք բերել Պակիստանից 4.2 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո Միացյալ Նահանգները չեղարկեց Կոնգրեսի 907-րդ բանաձևը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին։

«Եթե Ալիևին ստիպեն գնալ ավանտյուրայի Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության դեմ, ակնհայտ է ելքը ռազմական առումով, բայց Ալիևը դրա գինն է ուզելու մինչ սկսելը։ Գինը Հայաստանն է։ Սա սցենարի մի տարբերակ է։ Երկրորդ սցենարը՝ եթե իսկապես Հայաստանի դեմ օգտագործվի։ Ադրբեջանը զինվում է, անձնակազմը բերվում է առավել մարտունակ վիճակի և թվաքանակն է ավելացնում։ Եթե դրան էլ գումարենք Թուրքիայից և Իսրայելից բավական մեծ քանակի զենք-զինամթերք գնելը՝ որպես մշտական դաշնակիցների, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին լրջագույն մահակ է Հայաստանի Հանրապետության վրա։

Ես չեմ ասում, որ պատերազմ կլինի, թեև ես չեմ էլ բացառում, քանի որ դա ավելի շուտ կապված է և կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից, և Ալիևը չի որոշելու՝ տարածաշրջանում պատերազմ լինի՞, թե՞ ոչ, որովհետև պատերազմը նշանակում է, որ Իրանը և Ռուսաստանն առնվազն ինչ-որ կեցվածք պիտի դրսևորեն Հայաստանի հանդեպ, այսինքն՝ ներքաշվեն այս կամ այն ձևով այդ ռազմական բախման մեջ»,- մեկնաբանեց Հայկ Նահապետյանը։

Ընդ որում, ինչպես նկատում է գնդապետը՝ Ադրբեջանի ռազմական ներուժի շարունակական ավելացումը կարող է լինել ոչ միայն ռազմական ուժի կիրառման, այլև ռազմական ուժի սպառնալիքի կիրառման նպատակով, որը նույնպես, ըստ էության, պատերազմական գործողություն է՝ Հայաստանին հետագա զիջումներ պարտադրելու նպատակով։

Անդրադառնալով «Ռեվյու»-ի դեկտեմբերի 23-ի հաղորդման ժամանակ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանի հայտնած այն տեղեկությանը, որ Կառավարությունը նոյեմբերի 20-ի 1641-Ն համարով որոշումով ընդունել 2025 թ. պետբյուջեով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված ֆինանսական միջոցները 5.7 միլիարդ ՀՀ դրամից մինչև 3.2 միլիարդ ՀՀ դրամ կրճատելու մասին՝ գնդապետ Հայկ Նահապետյանը հետևյալ կերպ մեկնաբանեց.

«Ես Ձեզ ասում եմ՝ բանակը լուծարում են աստիճանաբար՝ ինչպես ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ին թողնում են մեկ ստորաբաժանում՝ ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության վարչություն, մեկ էլ՝ գաղտնալսումներն ու հետապնդումները։ Երեք կարևոր վարչություն հանել են՝ արտաքին հետախուզությունը, քննչական կոմիտեն, պետական պահպանության ծառայությունը։ Հիմա մի երկու բան էլ կա՝ դրանք էլ կհանեն, կթողնեն քաղաքական ոստիկանությունը»։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ի հրապարակած այն կասկածելի փաստաթղթին, որն իբրև թե ապացուցում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հարազատ եղբայրը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, խորհրդային Պետանվտանգության կոմիտեի՝ «ԿԳԲ»-ի «գործակալ է», Հայկ Նահապետյանը համոզված է, որ ԱԱԾ-ն նման թուղթ չի տրամադրել Civic.am-ին.

«ԱԱԾ-ն չի հրապարակել նման թուղթ, ոչ էլ տրամադրել է։ Նման բան չկա։ Դուք լրատվամիջոց եք, ես Ձեզ հորդորում եմ՝ գրավոր նամակ ուղարկեք ԱԱԾ տնօրենին և հարցրեք՝ Դո՞ւք եք դա տրամադրել, ասեք՝ այն, ինչ Civic.am-ը հրապարակել է, դրա պատճենն ուղարկեք։ Թող պատասխանի։ Դուք ուղարկեք, պատասխանը տեսեք։ ԱԱԾ-ն մինչև հիմա հաստատե՞լ է նման բան։ Հրապարակավ շատերը բարձրաձայնել են՝ հարգելի ԱԱԾ ղեկավարությո՛ւն, Դո՞ւք եք դա տրամադրել։ Այդ կարգի թղթերի վրա գաղտնիության գրիֆ կա, երկրորդը՝ Հայաստանում լյուստրացիայի օրենք չկա, և մի երկու ամիս առաջ որ դիմել է՝ ԱԱԾ-ն նրանց ուղարկել է շատ հեռու՝ «на три буквы»»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Leave a Comment