Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստուգումներ է իրականացնում Իրանում, սակայն հասանելիություն չունի կասկածելի թվացող միջուկային օբյեկտներին։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին խոսում է տեղեկատվության պակասի մասին։ Դրան զուգահեռ Իսրայելն ու Իրանը հայտարարում են հնարավոր հարձակման ռիսկերի մասին։ Փորձագետները, սակայն, առաջիկա ամիսներին էսկալացիայի ռիսկ չեն տեսնում։
ԱԷՄԳ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց առանցքային օբյեկտներին հասանելիություն դեռ չունի՝ մի քանի օր առաջ այսպիսի հայտարարություն արեց գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա ասում է, որ գործակալության տեսուչներին թույլ են տվել մուտք գործել միայն այն օբյեկտները, որոնք Իսրայելն ու ԱՄՆ-ն չեն ռմբակոծել։ Սակայն Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի օբյեկտներն, ըստ Գրոսիի, ավելի կարևոր են, քանի որ դրանցում դեռևս զգալի քանակությամբ միջուկային նյութեր և սարքավորումներ կան։
«Իհարկե, մենք ունենք լուրջ տեղեկատվական դեֆիցիտ, և չտարածման տեսանկյունից սա չափազանց բացասական է, քանի որ նույնիսկ, եթե այդ օբյեկտները լուրջ վնասվել են, կա հստակ պատկերացում, որ Իրանի բարձր հարստացված ուրանի մեծ մասը դեռևս գտնվում է երկրում։ Եվ սա չափազանց կարևոր է չտարածման տեսանկյունից»։
Պենտագոնը նախկինում հայտարարել էր, որ ամերիկյան ռմբակոծությունից Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացել են, իսկ կարողությունները զգալի նվազել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանից տարիներ կպահանջվեն իր միջուկային ծրագիրը վերսկսելու համար: Սակայն Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, իր հերթին, հայտարարել էր, որ քաղաքացիական միջուկային օբյեկտների ռմբակոծությունը աննշան վնաս է պատճառել, և որ Թեհրանը մտադիր է զարգացնել իր քաղաքացիական միջուկային ծրագիրը։
ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին Բուենոս Այրեսում ներկայացնելով իր թեկնածությունը 2027-2031 թվականների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, շեշտել է, որ մոլորակի յուրաքանչյուր անկյունում կատաղի պատերազմներ են ընթանում, սակայն դիվանագիտության միջոցով հաջողվում է լուծումներ գտնել նաև Իրանում․
«Երբ մենք դիտարկում ենք աշխարհում տեղի ունեցողը, հստակ տեսնում ենք, որ ժամանակների նշանները հակամարտության նշաններ են, որտեղ, ազգերի կյանքի համար բնական ռազմավարական կամ քաղաքական լարվածությունից բացի, տեղի է ունենում կատաղի և դաժան վերադարձ պատերազմին՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, և գործնականում մոլորակի յուրաքանչյուր անկյունում։ Սակայն մեզ հաջողվել է պահպանել երկխոսությունը նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք միշտ պետք է առաջ շարժվենք»:
Վերջին շրջանում կրկին հայտարարություններ են հնչում, որ զորավարժությունների քողի տակ Իրանը հնարավոր է որոշ գործողություններ ձեռնարկի։ Իսրայելի հետախուզությունը Իրանի բալիստիկ հրթիռների նոր կուտակումներ է արձանագրել։ Թել Ավիվն իր այս մտահոգությունը ներկայացրել է Վաշինգտոնին։
Բայց փորձագետների կարծիքով, ամենամեծ սպառնալիքը սխալ հաշվարկն է։ Դրա պատճառով կողմերից յուրաքանչյուրը կարող է սխալմամբ կարծել, որ մյուսը պատրաստվում է հարձակման և փորձի կանխել այն։ Փորձագետները քիչ հավանական են համարում առաջիկա երկու-երեք ամսում որևէ ռազմական գործողության հավանականությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց լիովին պատրաստ է Իսրայելի և Միացյալ Նահանգների հնարավոր հարձակմանը։
Նա հասկացրել է, որ Թեհրանը այսօր նույնիսկ ավելի պատրաստված է քան նախկինում, քանի որ պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է։ Իրանի արտգործնախարարը հստակեցրել է, որ իրենք վերականգնել են այն ամենը, ինչ վնասվել էր վերջին պատերազմի ժամանակ։
Թեհրանը նաև զգուշացնում է, որ եթե Իսրայելն ու ԱՄՆ-ն ցանկանում են կրկնել նախորդ անհաջող փորձը՝ նրանք ազատ են դա անելու, բայց ավելի լավ արդյունքի չեն հասնի։ Աբբաս Արաղչիի խոսքն այս տարվա հունիսի 12-ի գիշերը Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին է։