Զուրաբյան․ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի հետ դաշինք չենք կազմի

Զուրաբյան․ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի հետ դաշինք չենք կազմի

26 դեկտեմբերի 2025 – 18:49 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը նախընտրական դաշինք չի կազմի ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների քաղաքական ուժերի հետ:

«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի վերաբերյալ հայտարարություն արդեն արել ենք։ Ես, ելույթ ունենալով իմպիչմենտի մասին խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեցի. որևէ համագործակցություն շարժման կամ նախընտրական դաշինք կնքելու առումով չենք նախատեսում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Եթե կարծում եք՝ նման ենք այլ քաղաքական ուժերի, որ մի օր մի բան են ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան, հերքելով անցյալի հայտարարությունները, սխալվում եք։ Մի բան եթե ասում ենք, ուրեմն՝ անում ենք։ Այս հարցը պարզ է երկաթյա վճռականությամբ»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Երբ Զուրաբյանին հարց է ուղղվել՝ արդյոք այս մոտեցումը վերաբերում է նաև ՀՅԴ-ին, նա արձագանքել է. «ՀՅԴ-ն Քոչարյանի հետ չի՞։ Նորությո՞ւն կա այդ առումով»։

Նա հայտնել է նաև, որ ՀԱԿ–ը բավականին տևական բանակցություններ է վարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ, սակայն, որևէ արդյունք չի գրանցվել։

Նա նաև ասել է, թե դեռ հստակ չի հասկացել «Միասնության թևեր» նախաձեռնության դիրքորոշումը։

Ավելի վաղ Թաթոյանը հայտարարել էր, որ, եթե նախկին նախագահները ուզում են, որ գործող վարչապետը չվերընտրվի, ապա չպետք է մասնակցեն ընտրություններին։

Leave a Comment