ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ԵՊԲՀ արհեստակցական միության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի հարցաքննությունը։
Գալինա Հարությունյանն այս գործով առանցքային վկաներից է։
Իրեն ուղղված հարցերին ի պատասխան՝ վկան ասաց, որ արհմիության անդամների միջեւ եւ կոնֆերանսում վիճելի հարցերը՝ գումարների հավաքագրման եւ արհմիությանը չտրամադրման մասին, քննարկվել են։ Այդ շրջանում կրթության եւ գիտության նախարար, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին ինքն այդ ամենի մասին չի ասել, մտածելով, որ կարիք չկա նրան այդ հարցերով ծանրաբեռնել։ Խնդիրների մասին տեղեկացրել է արհմիության մասով իր վերադաս կազմակերպությանը՝ Հանրապետական բուժաշխատողների արհմիությանը։ Նա միաժամանակ հայտարարեց, որ այդ շրջանում ԵՊԲՀ արհմիությունը միակը չէր, որ այդ սկզբունքով էր աշխատում՝ գումարները հավաքվում էին, բայց կազմակերպությանը չէին տրամադրվում․ «Արհկոմը շատ լավ գիտեր, որ այդ գումարները չեն փոխանցվում, մենք չենք ստացել»։ Դատական հայցեր էլ այդ մասով ներկայացված չեն եղել․ «Եթե դատարան դիմեի, ես պետք է աշխատանքից դուրս գայի, բայց դատական գործընթացը կարող էր ամիսներով տեւել, իսկ ես այդքան ժամանակ առանց աշխատավարձ մնալ չէի կարող։ Աշխատողներին օգնություններ, տոնական օրերին նվերներ, միջոցառումներ կարողանում էինք կազմակերպել, բայց ադմինիստրացիայի ստորագրությամբ․ դիմում էինք ռեկտորին»։
Նա նաեւ հավելեց, որ դեպք չի եղել, որ ռեկտորը ստիպողաբար պարտադրի իր որոշումները։ Ինչ վերաբերվում է Սեւանի ափին արհմիության գումարներով հանգստյան տուն գնելուն, Գալինա Հարությունյանն ասաց՝ նման հարցերը ռեկտորի խնդրանքով կամ հանձնարարությամբ չեն լինում, արհկոմն է որոշում․ «Ես նման որոշում չէի կայացնի, քանի որ դա չհիմնավորված ծախս կլիներ։ Դիլիջանում մենք ունեինք հանգստյան տուն, Սեւանում էլ ունեինք, դրանք կարելի էր կարգի բերել»։
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը դրական գնահատեց, որ վկայի չորս ամիս տեւած հարցաքննությունը վերջապես ավարտվեց։ Ընդհանուր առմամբ, իր գնահատմամբ, վկայի հարցաքննությունը մեղադրական բնույթ չէր կրում, որոշակի դրվագներով ուղիղ արդարացնող էր։ Միայն այսքան երկար տեւող դատավարության արդյունքում, ըստ նրա, մարդիկ սկսում են մոռանալ, թե ինչի՞ մասին էր բուն գործը․ «Իսկ բուն գործը նրա մասին էր, որ ձեռք է բերվել հանգստյան տուն՝ աշխատակիցների համար, մարդիկ օգտվում են, շատ լավ, է, շատ գոհ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս գործով դատակոչի ցուցակում դեռ երեք վկա կա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: