Ինչո՞ւ է Դիլիջանի համայնքապետարանը որոշել վիճարկել Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կառուցապատման իրավունքը. մանրամասներ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը վերջերս «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում, խոսելով Դիլիջանում իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, նշել էր, որ «Դիլիջանի ներկայիս քաղաքապետը, սոցիալական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու փոխարեն, որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության եւ կառուցապատման մեր իրավունքները՝ այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը»: Տիկին Զոնաբենդը նկատել էր, որ դա ոչ միայն խնդիրներ է ստեղծում իրենց համար, այլ վատ ազդանշան է մասնավոր ներդրողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար:

«Առավոտը» հարցում էր ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ խնդրելով պարզաբանել ի՞նչ իրավական գործընթաց է նախաձեռնվել, ի՞նչ փուլում է այն և ի՞նչ հիմքով։ Ինչպես նաև՝ ի՞նչն է պատճառը, որ որոշել են նման քայլի դիմել՝ հաշվի առնելով, որ հարցազրույցում կար դիտարկում, որ ներդրողների իրավունքները պաշտպանող օրենքի եւ օբյեկտիվ չափորոշիչների փոխարեն գործում են անձնական հարաբերությունները քաղաքապետարանի հետ եւ որոշ պաշտոնյաների մասնավոր շահերը:

Դիլիջանի համայնքի ղեկավարի ստորագրությամբ մեզ ուղարկված պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ Դիլիջանի քաղաքային զբոսայգու արդիականացման և բարեկարգման նպատակով կնքված պայմանագրերի ժամկետները հիմնականում լրանում են 2030 թվականին: Քանի որ Ընկերությունների կողմից թույլ է տրվել պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտումներ, ինչպես նաև զբոսայգու տարածքում մինչև այժմ չեն կատարվել տեսանելի բարեկարգում և արդիականացում՝ համայնքապետարանը նախաձեռնել է պայմանագրերի միակողմանի լուծման գործընթաց: Դատական գործերի ավարտից հետո Դիլիջանի համայնքապետարանը ինքը կկատարի Դիլիջանի քաղաքային զբոսայգու արդիականացում և բարեկարգում, ինչպես նաև կհոգա հետագա սպասարկման և պահպանման ծախսերը»:

Քանի որ պատասխանից պարզ չէր, թե պայմանագրով սահմանված պարտավորությունների ինչպիսի խախտումների մասին է խոսքը, մենք պարզաբանումների համար դիմեցինք նաև Դիլիջանի զարգացման հիմնադրամին (որի համահիմնադիրները Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն են):

Զբոսայգին մինչեւ բարեկարգումը

Զբոսայգին բարեկարգումից հետո

Հիմնադրամի ներկայացուցիչ Ելենա Մուրադյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի կողմից նշված բոլոր հարցերը ներկայումս իրենք վիճարկում են դատարանում: Նա նկատեց, որ վարձակալության և կառուցապատման պայմանագրերով հիմնադրամը պարտավորվում է գետափնյա տարածքն օգտագործել քաղաքի սպորտային, մշակութային, կրթական, սոցիալական, հասարակական, հանգստի կազմակերպման գործունեության իրականացման և այդ գործունեության իրականացմանը նպաստող ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։

Խոսքը, ըստ էության, Դիլիջանի կենտրոնական այգու, մասնավորապես ափամերձ գոտու զարգացման և ժամանակակից մանկական խաղահրապարակի նախագծերի մասին է. «Մենք ոչ միայն խախտում թույլ չենք տվել, այլև կարծում ենք, առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում համայնքի կողմից խոչընդոտվում են բազմաթիվ նախագծերի համաձայնեցումները, ու դրա հետևանքով՝ իրականացումը: Ավելին, պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանված է մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում, մենք պատրաստ էինք և ենք իրականացնել նախատեսված բոլոր պարտավորություններն ու նախագծերը, եթե համայնքը չխոչընդոտեր և համաձայնություն տար նախագծերին»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե միգուցե նախագծերը չե՞ն համապատասխանել պահանջվող չափանիշներին, Ելենա Մուրադյանը պատասխանեց, որ նախագծերն անգամ չեն քննարկվել: «Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի նախագծերը ներկայացվեն ավագանու նիստերի քննարկմանը, բայց մեզ անհասկանալի պատճառներով՝ դրանք առ այսօր չեն ներկայացվել: Մենք ուրախ կլինեինք, եթե քննարկվեր և ասվեր, օրինակ, թե ինչն այն չէ նախագծերում: Իսկ իրականում, ես կարող եմ ասել, որ մեր յուրաքանչյուր նախագիծ մշակվել է լավագույն մասնագետների կողմից՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ: Օրինակ, մինչև մանկական խաղահրապարակի նախագծի մշակումը, մենք համայնքի բնակիչների հետ հանդիպումներ ենք կազմակերպել՝ հասկանալու համար, թե նրանք ինչպիսի ժամանցի վայր են պատկերացնում իրենց երեխաների համար: Ընդ որում, մենք հենց հիմա էլ պատրաստ ենք սկսել խաղահրապարակի կառուցումը, եթե ստանանք համայնքապետարանի թույլտվությունը: Դա լինելու է իսկապես ներառական, ժամանակից լուծումներով ու շատ հարմարավետ խաղահրապարակ, և մենք կարծում ենք, որ դիլիջանցի փոքրիկներն արժանի են ժամանցի նման վայր ունենալու»:

Զբոսայգին մինչեւ բարեկարգումը

Զբոսայգին բարեկարգումից հետո

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի այն դիտարկմանը, թե զբոսայգու տարածքում մինչև այժմ չի կատարվել տեսանելի բարեկարգում և արդիականացում, ապա Ելենա Մուրադյանը միայն զարմանք հայտնեց. «Ծրագրի իրականացումը սկսվել է 2016-ից: Դիլիջանցիները շատ լավ հիշում են ինչպիսին է եղել այգին նախկինում, և ինչպիսին է այսօր: Այս ընթացքում հիմնադրամն իր գործընկերների հետ միասին կատարել է ավելի քան 4 մլն դոլարի ներդրում: Այգու բարեկարգումն ու ենթակառուցվածքներն իրենց հերթին խթանել են տեղական բիզնեսն ու ստեղծել աշխատատեղեր: Եթե նախկինում երեկոյան ժամերին մարդիկ վախենում էին շրջել այգում, ապա վերջին տարիներին այգին դարձել է տարբեր մշակութային միջոցառումների, փառատոների անցկացման վայր»:

Զբոսայգին մինչեւ բարեկարգումը

Զբոսայգին բարեկարգումից հետո

Ելենա Մուրադյանը նկատեց, որ համահիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի նպատակն է եղել վերակառուցել քաղաքի նախկին կենտրոնական այգին, որով դիլիջանցիները կհպարտանան, իսկ օտարերկրացիները կհիշեն: «Այգու վերակառուցման հայեցակարգը լիովին համապատասխանում է քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծին, որը գտել էինք արխիվներում: Բաժանված հատվածները կամ գնվել են, կամ վարձակալվել, որպեսզի քաղաքային այգին ամբողջական լինի: Մեր հիմնադիրները դա իրենց համար չեն արել, դա քաղաքի ու քաղաքի բնակիչների համար է: Նրանք պարզապես ցանկացել են իրենց միջոցներով դիլիջանցիներին ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած այգի նվիրել: Իսկ եթե հանկարծ դատարանը բավարարի հայցը, թեև մենք համոզված ենք, որ դրա համար որևէ հիմք չկա, ապա լավ կլինի, որ դիլիջանցիները պահանջատեր լինեն իրենց հանրային տարածքների պահպանման հարցում, որպեսզի Դիլիջանն էլ հանկարծ չվերածվի Ծաղկաձորի, որտեղ կառուցապատումների հետևանքով ոչ մի հանրային տարածք չի մնացել»,-ավելացրեց Ելենա Մուրադյանը:

Զբոսայգին մինչեւ բարեկարգումը

զբոսայգին բարեկարգումից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment