Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «Արքա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը եւ կարգը: «Միջոցառումն այն անձանց համար է, որոնք ունեն ԱՐՔԱ քարտեր, եւ դրանցով իրականացնում են գնումներ: Նախատեսվում է նախորդ ամսվա կատարած գնումների 2 տոկոսի չափով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը հետվերադարձի մեխանիզմ: Ընդ որում, գումարի 1 տոկոսը տալու է պետությունը, իսկ մյուս 1 տոկոսը՝ «Արմենիան քարդը»։
Փաստացի այդ ֆիզիկական անձանց համար, որոնք ունեն ԱՐՔԱ քարտեր եւ դրանց միջոցով ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգում իրականացնում են գնումներ՝ ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում, 2 տոկոս հետվերադարձ է նախատեսվում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը՝ ներկայացնելով անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու ծրագրի մանրամասները։
Ինչ վերաբերվում է սահմանափակումներին, այս մասին էլ փոխնախարարը նշեց. «Գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ եւ ավել գնման գործարքի դեպքում, եւ մեկ գործարքի դեպքում առավելագույն հետվերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետվերադարձի համար սահմանային չափ է սահմանվել 60.000 դրամը: 3 միլիոն դրամի սահմանափակում է դրված, որի դեպքում 2 տոկոսը կազմում է 60.000 դրամ»:
Էդգար Մկրտչյանի խոսքով, գումարի վերադարձ նախատեսված չէ տեղեկատվության, կապի, կոմունալ ծառայությունների դիմաց, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումների, բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքների (մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, կրիպտոծառայություններ, թանկարժեք քարերի, մետաղների առքուվաճառք եւ այլն) պարագայում:
Մանրամասն՝ տեսանյութում քիչ անց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: