«Ո՞նց կարող է Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակը լինել։ Եթե ինքը պահպաներ հավատարմությունը «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներին, ես կստանձնեի պատասխանատվություն իր համար, կասեի՝ ինքը մեր հոգեզավակն է։ Բայց եթե ինքը չի պահպանել, եթե մեր աշակերտներից է եղել, եղել է ամենաանտաղանդ աշակերտը, որն այդպես էլ բան չսովորեց, դրա համար մենք ո՞նց կարող ենք պատասխանատվություն կրել, մեկդ կարո՞ղ եք մեզ ասել»,- այսօր լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է։
Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ իրենք չեն սատարել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։ «Մի քայլ չի եղել, որ մենք աջակցենք Նիկոլին իշխանության գալու հարցում։ Հիմա որոշ քննադատներ ասում են՝ դուք 2018 թվականին աջակցության հայտարարություններ էիք ընդունում։ Գնացեք կարդացեք էդ հայտարարությունները, մենք երբեք չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին որեւէ հայտարարությամբ, մենք հատուկ բառամթերքն այնպես էինք ընտրում, որ դա լինի շնորհավորանք հայ ժողովրդի, ժողովրդավարության հաղթանակի։ Հատկապես իշխանության գալու ճանապարհին մենք իրեն չենք աջակցել երբեք, մենք չգիտեի՞նք՝ ինչ ազգակործան պատուհաս է գալիս, որ հլա մի հատ էլ աջակցեինք։ Շատ լավ գիտեինք»,- նշեց նա։
Զուրաբյանը նաեւ հիշեց․ «Ես ձեզ պատմել եմ Տեր-Պետրոսյանի հայտնի ասածը հենց էն օրը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ինքը մեզ բոլորիս ասաց՝ դուք չեք պատկերացնում, սաղ ժողովուրդը ցնծում է, իսկ ես էսօր ամենադժբախտ մարդն եմ, որովհետեւ իշխանության է գալիս մեկը, որը կկործանի Արցախը եւ Հայաստանի կեսը։ Այսինքն՝ ի՞նչ հոգեզավակի մասին է խոսքը»։
Զուրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ժուլիկություն է անում, խաբում է եւ իր ընտրվելու համար ժողովրդին ներկայացնում է մի կեղծիք՝ գոյություն չունեցող խաղաղություն։ Եվ Ալիեւն իրեն օգնում է այդ կեղծիքը ներկայացնելու հարցում։ «Ալիեւը մինչեւ ընտրություններ չի կրակելու, որեւէ բան չի անելու, մեկ բենզին կուղարկի, մի հատ էլ ճանապարհ կարող են բացել, Նիկոլն էլ կասի՝ դե, տեսնում եք, խաղաղություն է, բանակն էլ կկրճատենք, արդեն ռազմական բյուջեն է պակասեցնում։ Քանի դեռ այդ խաղաղությունը կնքված չէ, ո՞նց կարելի է ասել՝ նստեք տեղներդ, խաղաղություն է, հիմա մենք կարանք ռազմական բյուջեն կրճատենք։ Ո՞նց, ո՞ւմ ես խաբում, մենք գտնվում ենք ականի վրա, ամեն րոպե դա կարող է պայթել։ Մենք ապրում ենք հրաբուխի վրա, այդ հրաբուխը չի հանգել»,- նշեց Զուրաբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: