«Պատրաստ ենք ընդունել փոխզիջումային վարչապետի որեւէ թեկնածուի, բայց քաղաքական ուժերի հետ բանակցություններն արդյունք չեն տվել»․ Լեւոն Զուրաբյան

«Իհարկե, մենք դիտարկում ենք քաղաքական համախմբումը՝ որպես ամենակարեւոր գործիքը, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Եվ հենց այդ է նպատակը, որ մենք երկու տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, իրատեսական ու ռացիոնալ։ Ցավոք սրտի, այդ բանակցությունները դեռեւս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել»,- այսօրվա ասուլիսում ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այլ ուժերի հետ դաշինք կազմելու մասին հարցին։

«Մենք չենք կարող նստել թախտին, սպասել բախտին, մենք կարծում ենք, որ ամեն դեպքում՝ կլինի այդ համախմբումը, թե չի լինի, մենք պարտավոր ենք մեր հայտը ներկայացնել մեր ժողովրդին։ Միեւնույն ժամանակ մենք պահպանում ենք քաղաքական ճկունությունը, մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի որեւէ թեկնածուի։ Եթե մենք գալիս ենք համաձայնության ինչ-որ փոխզիջումային թեկնածուի շուրջ, դա ավտոմատ նշանակում է, որ լինում է փոխզիջումային թեկնածու, որին մենք աջակցում ենք, բայց առայժմ նման բան չկա, մենք բանակցություններն էլի կշարունակենք։ Թե ինչ կլինի, մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի, որովհետեւ բխում է մեր ժողովրդի շահերից։ Բայց մենք պատրաստ ենք նաեւ այս ընտրապայքարին գնալ բացարձակապես ինքնուրույն, որովհետեւ մեր ժողովրդին պետք է տանք իրենց ուզած այլընտրանքի հնարավորությունը։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, շատ եռանդուն ենք, գնալու ենք առաջ, անկախ նրանից՝ մեզ օգնելու են, մեր հետ միավորվելու են, թե ոչ»,- ասաց Զուրաբյանը։

Միաժամանակ նա ասաց․ «Ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ որեւէ համագործակցություն չենք նախատեսում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է բոլոր ոլորտներում եւ հարձակումներ է սկսել ընդդիմախոսների ու եկեղեցու դեմ։ Նրա խոսքով՝ սա կարծես օկուպանտի ասպատակություն լինի։ «Գալիք ընտրությունները գուցե վերջին շանսն են, պատասխանատվությամբ պետք է մոտենալ դրանց»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց նաեւ իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։

Նա նշեց, որ իրենք կենսաթոշակների ավելացումը կապելու են միջին աշխատավարձի հետ համընթաց լինելու սկզբունքի հետ։ «Եվ դա նշանակում է, որ շատ արագ կենսաթոշակներն ընդհուպ 50 տոկոսով կբարձրանան»,- ասաց նա։

Զուրաբյանը նշեց, որ երկրում վերականգնելու են ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները, ազատելու են բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնելու են Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը։ «Ավելին, մենք նոր հարաբերությունների համաձայնագիր ենք կնքելու Հայ Առաքելական եկեղեցու հետ, մենք պետք է պաշտպանենք իրենք իրենց իրավունքներն ու արտոնությունները եւ վերջ տանք այս պառակտմանը, անօրենությանը, պղծությանը, որն այսօր անձամբ վարչապետն է իրականացնում երկրում»,- ասաց Զուրաբյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment