Համատեղ գործունեության պայմանագրի կարևորությունը բիզնեսում

«Իրավագիտակից քաղաքացի»

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Առավոտի» դժվարին օրերին եղավ մեր կողքին: Երբ մենք հասցե չունեինք, մեր ընթերցողների հարցերին նա էր պատասխանում, յուրաքանչյուր հինգշաբթի:

Նրա 22 մասնագիական հրապարակումներին կարող եք ծանոթանալ մեկ անգամ ևս թերթելով օրաթերթը:

Ներկայացնում ենք տարեվերջյան հոդվածը:

Համատեղ գործունեության պայմանագիրը, որը հաճախ անվանում են նաև կոնսորցիումի պայմանագիր, բիզնեսի զարգացման ամենաճկուն և արդյունավետ գործիքներից մեկն է։ Այն թույլ է տալիս երկու կամ ավելի ընկերությունների միավորել իրենց ռեսուրսները որոշակի նպատակի հասնելու համար՝ առանց նոր իրավաբանական անձ (նոր ընկերություն) գրանցելու անհրաժեշտության։

Համատեղ գործունեության պայմանագրին առնչվող իրավահարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ գլխով:

Այս պայմանագրի կարևորությունը բիզնեսում պայմանավորված է նրանով, որ սկսնակ կամ զարգացող բիզնեսները միավորում են իրենց միջոցներն ու ավանդները՝ ավելի մեծ նախագիծ իրականացնելու կամ ավելի շատ շահույթ ստանալու նպատակով, և իրավական առումով պաշտպանում է կողմերի ներդրումները:

Նշված օրենսգրքի 1026 հոդվածի համաձայն՝ «Համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար»:

Այս պայմանագրի իմաստով՝ մասնակցի ավանդ է համարվում այն ամենը, ինչ նա ներդնում է ընդհանուր գործում` ներառյալ դրամը, այլ գույքը, մասնագիտական և այլ գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործարար համբավը և գործարար կապերը:

Համատեղ գործունեության պայմանագիրը հարմար գործիք է բիզնեսում արդյունավետ համագործակցության, մասշտաբային ու բարդ նախագծեր իրականացնելու, ինչպես նաև ռիսկերը նվազեցնելու համար:

Հավելենք, որ համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՀ-ւմ համատեղ գործունեության պայմանագիր կնքելիս պետք է հաշվի առնել, որ կողմերը չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում։ Նման պայմանագիր կնքելու պահից կողմերը սովորաբար անցնում են ԱԱՀ-ով հարկման դաշտ, ինչը պահանջում է հավելյալ հաշվապահական ուշադրություն։

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաև պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
25.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment