Բարձրաշենցի 33-ամյա տղամարդը ավելի քան 2 կգ մարիխուանա է ներկրել ՀՀ․ նա կալանավորվել է

Բաժանորդագրվել

Տղամարդը ոստիկաններից փորձել է փախչել մոտոցիկլետով, ճանապարհին էլ թմրամիջոցով լի փաթեթներ է նետել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրել Հայաստան և զբաղվել դրանց իրացմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Նոյեմբերի 13-ին` ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Նկատելով ոստիկաններին` նա դիմեց փախուստի` այդ ընթացքում նետելով 2 փաթեթ։ Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկ: Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված են եղել մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կգ-ից ավելի զանգվածով։

Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։

Leave a Comment