ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին. Նրանց հետ նաև բժիշկ է եղել

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին. Նրանց հետ նաև բժիշկ է եղել

26 դեկտեմբերի 2025 – 10:14 AMT

PanARMENIAN.Net – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ պատվիրակները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին, հայտնում է «Ազատությունը»։

Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:

«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասել է Ամատունին։

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:

Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում։ Զառա Ամատունին մանրամասնել է, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:։

«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», – նշել է նա։

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում ներկայումս պահվում է 23 հայ գերի, ովքեր ամիսներ շարունակ գտնվել են մեկուսացված վիճակում։ Երկու օր առաջ հաղորդվել է, որ Բաքվում պահվող հայ գերիներից՝ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է։ Ադբեջանական աղբյուրների համաձայն՝ նա շնչահեղձություն է ունեցել և ցավեր սրտի շրջանում։

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն ընդամենը մի քանի օր տևած դատական նիստերից հետո, 58-ամյա Կարեն Ավանեսյանին, ում մեղադրանք է առաջադրվել 8 ծանր հոդվածով, դատապարտել է 16 տարվա ազատազրկման։

Leave a Comment