Հունվարի 1-ից հեռուստացույցի՝ «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը ալիքն անհասանելի կլինի։ Կառավարությունը տարվա վերջին նիստում չզեկուցվող ընթացակարգով «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշում կայացրեց։
Որոշման հիմքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններն են։ ԱԺ-ն հոկտեբերի վերջին էր ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունը, որով առաջարկվում էր հանրային հեռարձակողների թիվն առնվազն երեքից դարձնել առնվազն երկու։
Թագուհի Ղազարյանը նախագծի խորդհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց՝ լուրջ մտահոգություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ․
«Եթե չեմ սխալվում, նույնիսկ միջազգային զեկույցներում է արձանագրված, որ «Շողակաթի» վերաբերյալ խնդիր կա, չնայած նախագիծը դրա մասին չէ։ Դեռևս 2018 թվականի վերջին՝ նախորդ գումարման խորհրդարանում, մենք հասարակական կազմակերպություններից ստացել ենք այս խնդիրների մասին մտահոգություններ։ Ժամանակ առ ժամանակ փակ քննարկումներում, իսկ ավելի ուշ նաև բաց քննարկումներում ենք սա բարձրաձայնել, որովհետև տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Դա դրականորեն չի ազդում ոչ բովանդակության, ոչ որակի վրա»։
Պատգամավորի խոսքով՝ նման փոփոխությունը գործադիրին կտա լիազորությունների ավելի լայն շրջանակ։
«Մենք առաջարկում ենք ավելի մեծ ճկունություն տալ կառավարությանը և Հանրային հեռարձակողի խորհրդին։ Այսինքն՝ 2-ից ավելի կարող է լինել, բայց 2-ից պակաս չի կարող լինել, սա է առաջարկը»։
«Շողակաթ»-ի փակել-չփակելու հարցն առաջին անգամ խորհրդարանում քննարկման առարկա դարձավ 2025-ի բյուջեի հաստատման ժամանակ։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պնդում էր՝ մշակութային ալիքը զբաղվում է ուղղորդված քաղաքականությամբ․
«Ներեցեք, էլի, ես չգիտեմ՝ եկեղեցական Նոր Կտակարանո՞ւմ է, Հի՞ն Կտակարանում է գրված, թե ցույցերը կրոնական կամ մշակութային են։ Եղել են դեպքեր, լուսաբանվել է այդ թվում սահմանազատման գործընթացը և, օրինակ, ասվել է, որ «դավաճանական» կամ «այս ազգադավ գործողություններին դեմ լինելով» եկեղեցական այսինչը գնացել է։ Արտահայտություններ են արել, որոնք իրենց բնույթով, էությամբ քաղաքական են»։

Ուշագրավ է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը դիտարկումներ էր ներկայացրել նախագծի վեաբերյալ։ Մասնավորապես նշել էին, որ նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինի, քանի որ նույն օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հանրային հեռարձակող առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել առավելագույնը երկու ծրագիր։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին նախագահ Արա Շիրինյան․
«Սկզբունքորեն, «Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը լուսաբանում է եկեղեցու կյանքը: Քանի որ եկեղեցին նույնպես կարող է ներքաշված լինել քաղաքական պրոցեսներում, ես գնահատական չեմ տալիս՝ լավ է արել, թե վատ: Այդ իրադարձությունների լուսաբանման մեջ կարող են հնչել նաև նման արտահայտություններ, և դա իրականության մաս է, ոչ թե «Շողակաթ» հեռուստաընկերության քարոզչության մաս: Այս տարբերությունը, կարծում եմ, արժե ֆիքսել»։
Հեռուստաընկերությունը եթերից զրկվում է իշխանության և բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածության ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կես տարուց ավելի օրակարգային է դարձրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հեռանալու հարցը։ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը ստեղծվել էր 2011 թվականին և գործում էր Հանրային հեռարձակողի կազմում։ Այն պետական բյուջեից ստացած ֆինանսավորումից 220 մլն դրամ էր հատկացնում «Շողակաթ»-ին՝ հանրային մուլտիպլեքսով հոգևոր-մշակութային բովանդակություն ստեղծելու և տարածելու համար։ Հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը, որն էլ հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերն էր։