Տարվա ամփոփման շրջան է․ ամենքը վերլուծում է ինքն իր համար՝ ինչպիսին էր տարին, ինչ կարողացավ անել, որ գործերն է փոխանցելու հաջորդ տարվան, ինչ է նախաձեռնելու։ Օրինակ կառավարությունը միայն խոսում է իր «փայլուն» ցուցանիշներից, որոնք հենց միայն իրենք էլ զգում են, քաղաքացին՝ ոչ։ Ուզում եմ անդրադառնալ, թե քաղաքացին իր մասին իբր օրուգիշեր մտածող կառավարության նկատմամբ ինչ վերաբերմունքով է ամփոփում տարին։
Հանրապետության բոլոր մարզերում հարցումներ են իրականացնում մենք, մեր գործընկերներ լրատվամիջոցները, սոցհարթակները։ Երևանում բնակվողների խոսքին ծանոթ ենք, ուշագրավ է մարզերում վերաբերմունքը․ հաճախ ենք լսում, թե մարզերում դեռ խաբվածների թիվը շատ է, նիկոլականները շատ են։ Հարցումներից երևում է, որ կան անտարբերներ, որոնք հիասթափված են ամեն ինչից, պարզապես չեն ուզում խոսել․ նրանք բոլորը, վստահաբար, իշխանությանը դեմ են։ Բայց կան նաև շատերը, համարյա բոլոր հարցումների մեջ նման մարդիկ կան, որ ասում են՝ ի՞նչ գործ ունեմ, խոսեմ՝ գան ինձ էլ բռնեն, ով մի բան խոսում է՝ բռնում են։ Նրանք էլ են, բնականաբար, ընդդիմադիր։ Ի դեպ, երբ այս իշխանւթյուններին առաջ որ քննադատում էինք, հաճախ էին ասում՝ բա նախկինում ռիսկ կանեի՞ք խոսել։ Հենց այսօր մարդիկ ռիսկ չեն անում խոսել, որովհետև վախենում են։ Վախենում են, որ մի կեղտոտություն կանեն իրենց դեմ, մի վատություն կանեն, էդ մակարդակն է։
Հիմա անդրադառնամ նրանց, ովքեր չեն վախենում խոսել․ նրանց տրվում է հետևյալ հարցը՝ մեզ ինչպիսի՞ հատկանիշներով ղեկավար է պետք։ Գլխավոր պատասխաններն են՝ ուժեղ, պինդ, թշնամուց չվախեցող, ժողովրդի մասին մտածող, կոռուպցիա չանի, հողերը չտա, այսինքն սրանց լրիվ հակառակ պատկերը։ Բայց առաջին տեղում հետևյալ պատասխանն է՝ որ սուտ չխոսի։ Այդ մարդկանց՝ ղեկավարի մասին պատկերացումներում Նիկոլը չի տեղավորվում ու ավելին՝ հենց նրան տեսնելով են ասում, որ մեզ էդպիսի ղեկավար է պետք, ոչ թե սրա նմանը, որը ոչ մի չափանիշով չի բռնում։ Բայց մի քանի պատասխան իրոք շատ ուշագրավ էր․ ասում են՝ ուզում եմ, որ իմ ղեկավարը լինի էնպիսին, որ ձեռք չառնեն։ Ձեռք առնելու մատերիալ ղեկավարը մեղք է պետության համար։
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածության վերաբերյալ մարզերի բնակիչների պատասխանն այն է, որ խաղաղություն չի լինի, Ալիևը ուղղակի խաղաղության իմիտացիա է անում, մինչև ընտրություններն ավարտվեն իր ուզած ելքով, հնարավորություն է տալիս, որ Նիկոլ ընտրվի։ Մարդիկ հիմնականում պնդում են, որ Փաշինյանն այն ղեկավարը չէ, որ կարող է խաղաղություն բերել․ շատերի կարծիքն էլ այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն ընդհանհրապես անհնար է։ Միանշանակ է, որ խաղաղությունը հնարավոր է միայն արժանապատվությունը վերականգնելուց հետո, այլապես լինելու է անպատիվ, անհեռանկար և միայն զիջելու վրա հիմնված խաղաղության պատրանք։
Հիմնական հարցերից է հետևյալը՝ ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք։ Գլխավոր պատասխանն է՝ չենք ուզում նրա երեսը տեսնել, իսկ ովքեր էլ ուզում են տեսնել, ասում են՝ կհարցնեն, թե ինչու խոստումները չի կատարում։ Շատերն են ասում, որ ընտրել են, անգամ՝ երկու անգամ, բայց լրիվ հիասթափվել են խաբվելու պատճառով ու երրորդ անգամ նույն ղալաթը չեն անի։ Դժգոհում են, որ բացի բարակ ու շուտ քանդվող ասֆալտից, ուրիշ բան չեն տեսել նրանից։ Ասֆալտն էլ, ասում են, փոր չի կշտացնում ու խիստ ժամանակավոր ա։
Քաղաքացիներին, հատկապես՝ թոշակառու, ամենաջղայնացնող հարցերից մեկը Նիկոլի խոսքի հիշեցումն է, որ եթե 10 հազար դրամով թոշակը ավելացնենք, չի իմանա թոշակառուն որտեղ ծախսի և անիմաստ բաներ կգնի։ Մարդիկ դժգոհում են, հայհոյում են իրենց հիմարի տեղ դնելու համար։ Ոնց, ասում են, էդ ինքը գիտի ոնց ծախսի միլիոնները, մենք 10 հազար դրամը չգիտե՞նք, իր մինիստրը 1,5 մլն դրամը ծախսել գիտի, մենք չգիտե՞նք։ Էսօր կառավարության նիստում էլ, ի դեպ, նման մի բան ասաց, մեկ է՝ էդ 5 հազար դրամ օգնությունը ոչին չի փոխի նրա կյանքում, էլ ինչի՞ տա։
Հարցերից է եկեղեցու վրա գրոհը, Սամվել Կարապետյանի կալանքը, ու տեսնում ես, որ այս իշխանությունը որևէ թեմայում, իր բռնած և ոչ մի գործում չունի հանրային աջակցություն։
Բայց մի ուշագրավ բան տեսա, որը վերջին շրջանում հաճախ հանդիպող երևույթ է՝ քաղաքացին բոյկոտի կոչ է անում․ ամենուր է այդպես։ Կոչ են անում բոյկոտել Նիկոլի որոշումները, օրինակ՝ գույքահարկի թանկացման մասով։ Այսօր համացանցը, մարդկանց խոսքը լի է տարբեր բոյկոտների կոչերով։ Մարզային հարցումների ժամանակ ասում են՝ երևանցիք ճիշտ կանեն բոյկոտեն Ադրբեջանից բերած բենզինը։ Համացանցում էլ է նման կոչերով ֆլեշմոբ սկսել։ Սրանից առաջ ասում էին՝ պետք է բոյկոտել ադրբեջանով բերած ցորենը, թող մենակ Պապոյանը ուտի։ Այսօր ասում են՝ պետք է բոյկոտել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որպեսզի մեր գնած տոմսերի հաշվին փոխտնօրենը աշխատավարձ չստանա ու կոչ անի ջարդել եկեղեցու դռները։ Էն մեկն ասում է՝ բոյկոտենք սուպերմարկետը, որի տերը ցորեն է բերել Ադրբեջանով։ Մի քանիսն ասում էին՝ բոյկոտելու ենք տիկնիկային թատրոնը, մեր երեխաներին չենք տանելու այնտեղ, որի տնօրենը մենակ ճիպոտի լեզուն է հասկանում։
ժողովուրդ ջան, բոլորիդ հետ «OK» եմ, շատ բաներ ես էլ եմ բոյկոտել այս տարիներին։ Կոնկրետ բենզինի մասով իմ տեսակետն այն է, որ էն պահին, երբ Բաքվում գերի չունենանք ու հայկական «Արարատ» կոնյակը, Արարատ լեռան պատկերով, արտահանվի Ադրբեջան, կարող ենք և քննարկել էնտեղից եկած բենզինը գնելու թեման։ Իսկ մինչ այդ, Ադրբեջանից կամ Ադրբեջանի տարածքով ինչ էլ բերենք, թեկուզ՝ լուցկու չոփ, ազգային արժանապատվության խնդիր է։
ժողովուրդ ջան, ընդունելով ձեր բոյկոտի ձևերն ու առաջարկները, ուզում եմ հարցնել՝ ինչքա՞ն բոյկոտել, մինչև երբ բոյկոտել․ վաղը կարող է պատահել՝ բոլոր խանութները լցվեն թուրքական ու ադրբեջանական ապրանքով, ուտելը բոյկոտելու ե՞ս․ ՀԷՑ-ը խլում են ու չի բացառվում, որ տան թուրքերին, հոսանքը բոյկոտելու ե՞նք։
Կարճ ասած՝ իրականում մի կարևոր բոյկոտ կա, որ տեղն էլ գիտենք, օրն էլ՝ հունիսին․ Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին չընտրելը կլինի լավագույն բոյկոտը։ Ոչ թե բոյկոտում եք ու չեք գնում ընտրության, որովհետև թեկնածուներից մեկը էսպես ա, մյուսը՝ էնպես, այլ գնում եք ու ընտրելով որևէ անցողիկ, կարևոր բան եմ ասում, լուրջ հայտ ներկայացրած ընդիմադիրի, որպեսզի իրականում մերժեք սրանց։ Նիկոլին չընտրելը լավագույն բոյկոտն է, բենզինի էլ, օպերային թատրոնի փոխտնօրենի էլ, տիկնիկային տնօրենինն էլ, կոռուպցիայինն էլ, մարդկանց վրա թքող Ալեններին էլ, էս աճող հանցագործությանն էլ, Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ՝ իրենց ապրանքով, Հայաստանում իրենց ներկայությամբ, իրենց օկուպացիայով, իրենց դրածոներով։
Բոյկոտեք մի թիմի ու դրանով բնոյկոտում եք էդ սաղ։ Ասենք որ սեղանը հավաքում եք հաց ուտելուց հետո, մնացորդներ, փշրանքներ են լինում սեղանին, հատ-հատ չեք հավաքում, չէ՞, վերցնում եք սեղանի շորը և սրբում բոլորը լցնում աղբամանը։ Այ էդպես պետք է սրբես ու փաթեթով լցնես քաղաքական աղբանոցը։ Եթե ոչ, ուրեմն ՔՊ-ն որ մնաց, ստիպված բոյկոտելու ենք մեր երկիրը։
Սևակ Հակոբյան