«Ռոսատոմի» մասնագետները հաջողությամբ ավարտել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տարեկան աշխատանքների կատարումը

«Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի («Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոն) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի մասնագետները հաջողությամբ ավարտել են ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկում 2025 թվականի համար նախատեսված աշխատանքների պլանային ծավալը։ Աշխատանքներն իրականացվել են բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման (ՇԺԵ-2) նախագծի շրջանակներում։

Շրջանակային պայմանագրի պայմանների համաձայն՝ «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի մասնագետների կողմից իրականացվել է աշխատանքների զգալի ծավալ, որն ուղղված է կայանի անվտանգության և հուսալիության հետագա բարձրացմանը, ինչպես նաև կրկնակի լրացուցիչ ժամկետում դրա էներգաբլոկի շահագործման հնարավորության հաստատմանը։ Մասնավորապես, կայանի հակահրդեհային պաշտպանության մակարդակի բավարարվածության գնահատման նպատակով ամբողջությամբ հավաքագրվել են ելակետային տվյալները և սկսվել է հրդեհի ազդեցության վերլուծությունը՝ ռեակտորային կայանքի անվտանգ կանգառի և հովացման վրա։ Որոշվել է ԱԷԿ-ի անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի, շինարարական կոնստրուկցիաների, շենքերի և կառույցների տեխնիկական վիճակն ու մնացորդային ռեսուրսը (ռուսական կողմի պատասխանատվության գոտում՝ ըստ պայմանագրով նախատեսված բաժանման)։ Հետազոտության արդյունքներով տրվել են հանձնարարականներ (այդ թվում՝ սարքավորումների փոխարինման վերաբերյալ)։

Աշխատանքներ են սկսվել նաև ռեակտորի միջուկի վթարային հովացման համակարգի նոր կոնֆիգուրացիայի որոշման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել նախագծային վթարների սպեկտրը: Ավարտվել են ԱԷԿ-ի ռեակտորային կայանքի սարքավորումների և համակարգերի տարրերի նոր դասակարգիչների ստեղծման նախապատրաստական աշխատանքները: Մետաղի հատկությունների հետազոտման համար մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտ է հասցվել վկա-նմուշների առաջին խմբաքանակը (Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի հատկությունների հսկողության ծրագրի շրջանակներում): Գնահատականի ստացումն ակնկալվում է 2026 թվականի նոյեմբերին, երբ պատրաստ կլինի ՀԱԷԿ-2-ի ռեակտորում կրկնակի թրծումից հետո (մեկ վառելիքային արշավի ընթացքում) ճառագայթված վիճակում գտնվող 1Լ (ՕՄ), 3Լ (ՄՇ 29) հավաքակազմերի նմուշների մետաղի հետազոտության արդյունքների հաշվետվությունը: Փորձարկումների ընթացքում ստացված տվյալները հիմք կհանդիսանան ռեակտորի իրանի մետաղի վիճակի գնահատման համար և կօգտագործվեն էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը հիմնավորելու նպատակով:

Բացի այդ, ներկայումս ակտիվ փուլում են գտնվում թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային կայանքի սարքավորումների և խողովակաշարերի ծառայության ժամկետը մինչև 2031 թվականը վերասահմանելու աշխատանքները: Մնացորդային ռեսուրսի նախնական գնահատումն արդեն իրականացվել է և փաստում է, որ ԱԷԿ-ի չփոխարինվող և չվերականգնվող սարքավորումներն ունեն բավարար ռեսուրս՝ բլոկի լրացուցիչ հիմնավորված ծառայության ժամկետից (01.09.2026թ.) հետո շահագործումը շարունակելու համար:

2026 թվականին նախատեսվում է Շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլի (ՇԺԵ-2) նախագծի աշխատանքների շարունակությունը:

Leave a Comment